«Լավ կառավարիչ քաղաքապետը հենց տեսներ՝ բյուջեի կատարողականը 63.5 % է, հաջորդ թուղթը որ վերցներ, դա կլիներ հրաժարական գրելու թուղթը». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության» քննարկման ժամանակ ասաց, թե այս ամփոփման իմաստն այն է, որ երբ պարզվի՝ կատարումը շատ ցածր է եղել, ավագանին դեմ քվեարկի, չհաստատի կատարողականը և այդպիսով ուղերձ հղի քաղաքապետին, որ կատարված աշխատանքները բավարար կերպով չեն իրականացվել:

«Եկամուտների մասով ես չեմ անդրադառնա, որովհետև այնտեղ կային և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, վերլուծությունը շատ ավելի բարդ կլիներ, բայց անդրադառնանք ծախսերին, այսինքն՝ երբ ունենք գումար, պետք է հայտարարենք մրցույթներ, հետևենք, որ այդ մրցույթները կայանան, բայց ինչ-որ պատճառներով դրանք չեն կատարվել: Նախ՝ ասեմ, որ ծախսերի մասով մեր կատարողական կազմել է 63.5 %, ես կարծում եմ, որ լավ կառավարիչ քաղաքապետը, հատկապես նա, ով պաշտոնավարում է 3 տարի, հենց ստանար թղթերը կատարման և տեսներ, որ 63.5 % է, հաջորդ թուղթը որ վերցներ, դա կլիներ հրաժարական գրելու թուղթը, որովհետև 63.5 %, եթե նայենք, թե կատարման ո՞ր մասերն են, աշխատավարձ և այլն, այդ թվերը դուրս բերենք, կտեսնենք, որ իրական թիվը շատ ավելի ցածր է»,- ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ բնական է, երբ ասում են, թե դա պայմանավորված է համաճարակով և պատերազմով, բայց որքանո՞վ են այդ պատճառաբանություններն օբյեկտիվ:

«Առաջարկում եմ երկու համեմատական անցկացնել. Նախ՝ կատարողականների, ծախսերի տարեթվերով. 2016թ.՝ 100.27 %, 2017թ.՝ 96.9 %, 2018թ.՝ 73.43%, դա ինձ համար ամենաընկալելի կատարողականն էր, քանի որ որոշ ժամանակ քաղաքապետ չենք ունեցել, հետո՝ ընտրություններ և այլն, անցումային շրջան էր, սա էլ անցանք, ամբողջ 2019թ. պաշտոնավարել է այս քաղաքային իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, արդյունքը եղել է՝ 70.5 %, այսինքն՝ այդ կատարողականը կազմել է ավելի ցածր, քան դրա նախորդ անցումային տարին էր, և 2020թ.՝  63.5 %»,- ասաց Խաժակյանը:

«Լույս» խմբակցության ղեկավարը համեմատական անցկացրեց Հայաստանի մյուս քաղաքների բյուջեի կատարողականների հետ:

«Ինձ նաև հետաքրքրեց, թե Վանաձոր և Գյումրի քաղաքների պարագայում կատարողականներն ի՞նչ վիճակում են: Տեսա, որ մենք վատ իմաստով չեմպիոն ենք, որևէ մեկի մոտ 70 տոկոսից ցածր կատարողական չի եղել, ինչը պարզապես այստեղ նստած բոլորիս համար պետք է ամոթալի լինի»,- ասաց Խաժակյանը:

Նա վստահություն հայտնեց, որ «Իմ քայլը» կողմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, և զգուշացրեց, որ դրանով իրենք ևս պարտավորություն են ստանձնելու քաղաքի ձախողված կառավարման համար:

««Իմ քայլը» դաշինքի մոտ չի ստացվել, էս թիվը ոչ թե վատն է, էս թիվը ձախողում է նշանակում, քաղաքային կառավարման տապալում է նշանակում»,- ասաց Խաժակյանը:

Տեսանյութեր

Լրահոս