Այս հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի․ Ռազմագերիների հարցերով զբաղվող փաստաբան

«Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին: Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն: Այս անձինք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ ճեպազրույցում։

Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո գերեվարվածները ևս կարող են համապատասխանել ռազմագերու կամ գերու միջազգային մարդասիրական իրավունքով ներկայացվող չափանիշներին և օգտվել այդ կարգավիճակից․

«Այս հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և մեծապես քաղաքական դրդապատճառներ ունի։ Մենք տեսանք, որ փոխանակման մաս դարձան ամսի 10-ին գերեվարված քաղաքացիական անձինք։ Եթե իրականում նրանք հանցագործներ լինեին, ապա որևէ տրամաբանություն չուներ Ադրբեջանի այդ գործելակերպը, երբ ճանաչված ռազմագերիներին դեռ չեն վերադարձնում, բացատրություն չունի՝ ինչու վերադարձրեցին այդ կարգավիճակից չօգտվող անձանց։ Նույնը մենք տեսանք Խծաբերդի պարագայում․ առնվազն ութ անձ Խծաբերդի խմբից հետ է վերադարձել, և եթե իրականում լինեին ահաբեկիչներ, ապա Միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո չէին գտնվի, և Ադրբեջանը նրանց չէր վերադարձնի»:

Փաստաբանը վերահաստատեց իր գնահատականը՝ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը քաղաքական զարգացումների համատեքստում պետք է դիտարկել․

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում կա լարվածություն, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում սրվել է, և Ալիևը հրապարակային հայտնել է, որ Հայաստանի իշխանություններին ոչինչ այլևս չի ցանկանում տալ։ Դրա տրամաբանական շարունակությունն է տարբեր մանիպուլացիաներ իրականացնելը, որպեսզի նաև իրավական առումով անձանց զրկեն պաշտպանությունից»:

Տեսանյութեր

Լրահոս