Այդ ի՞նչ կառավարություն է, որ  մարտ-ապրիլ ամիսներին գյուղացուն վարկ տալու հարցն է քննարկում. դա  դեռևս հունվար ամսին պետք է քննարկվեր. Հրաչ Բերբերյան

Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել ենք նռան խաղողի, արքայանարնջի այգիներ: «Խոսքը 100 միլիոն դրամ գումարի մասին է, ամեն տարի այդքան արտադրանք ունեինք: Արցախի համար դա շատ կարևոր ցուցանիշ էր»,- ասում է «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նա խոսեց նաև գյուղացուն տրամադրվող վարկի մասին:

«Ասել եմ ու կասեմ՝ Հայաստանի գյուղատնտեսության տունը քանդել են բանկերը: Գյուղացուն բանկերն են սնանկացրել: Սարսափելի հերթեր են, բացի դա՝ ձգձվում է, իսկ մարդը պետք է սերմացու, դիզվառելիք գնի: Ասում են՝ ոչինչ, 19 տոկոսով վարկ տվեք, մինչև հերթս գա, նոր 5 կամ 9 տոկոսանոցը կստանամ: Մարդկանց այս օրն են գցել: Այդ ի՞նչ կառավարություն է, որ  մարտ-ապրիլ ամիսներին գյուղացուն վարկ տալու հարցն է քննարկում: Այդ օրենքը դեռևս հունվար ամսին պետք է քննարկվեր: Արարատյան դաշտավայրում արդեն վար ու ցանքը սկսվել է»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Ինչ վերաբերում է գյուղմթերքի թանկացմանը՝ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահն ասաց, որ պատճառը դրամի արժեզրկումն է:

«Դրանում կառավարությունն է մեղավոր՝ դրամային տգետ քաղաքականության պատճառով»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս