Կարող եմ միայն ասել այն, որ աշխատանքները շարունակվում են․ Մանե Գևորգյան

Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ ճեպազրույցում:

Նա պնդել է, թե «Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին»:

168.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ պատասխան լինելո՞ւ է ադրբեջանական կողմի այս հայտարարություններին, ինչին ի պատասխան՝ նա ուղղորդեց դիմել ԱԳՆ-ին։

Մեր մյուս հարցադրումներին, թե ռազմագերիներին վերադարձնելու հարցով որո՞նք են կառավարության գործողությունները, ինչպե՞ս եք պատրաստվում վերադարձնել, եթե նման հայտարարություններ են հնչում, Մանե Գևորգյանը պատասխանեց․

«Ես կարող եմ ասել միայն այն, որ աշխատանքները շարունակվում են։ Իսկ ինչ վերաբերում է՝ առհասարակ ռազմագերիներ կա՞ն, թե՞ չկան, այն մարդիկ, որոնք հիմա շարունակում են Ադրբեջանում մնալ, ինչ կարգավիճակ ունեն, պետք է խնդրեմ, որ Արտաքին գործերի նախարարության հետ խոսեք»:

Մեկաբանության համար դիմեցինք նաև ԱԳՆ-ին։ Մեզ խոստացան պատասխանել ավելի ուշ։ Պատասխանը լինելու դեպքում՝ կհրապարակենք այն։

Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն Ադրբեջանից կժամանի Հայաստան։ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանի հետ հանդիպումը կկայանա մարտի 16-ին։

Տեսանյութեր

Լրահոս