«Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները վատնել են սխալ ուղղություններով. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի փոխանցմամբ՝ այսօր ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, իսկ դա նշանակում է, որ խորհդի անդամները հավաքվելու են և քննարկեն հիմնադրամի՝ անցած տարի իրականացրած աշխատանքները, հաստատելու են այս տարվա բյուջեն, և քննարկման հատուկ առարկա է դառնալու հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած շուրջ 107 միլիոն դոլարը: Հիմնադրամը միշտ է անցել միջազգային ֆինանսական աուդիտ, և սա, Արա Վարդանյանի խոսքով, եզակի դեպք չէ:

«Խնդիրն այն  է, որ այս անգամ աուդիտ անցկացնող կազմակերպությունը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից հիմնադրամին ներկայացված այդ 107 միլիոն դոլարի հաշվետվությունը: Այսինքն, սա   արտառոց է, նման բան երբևէ չի եղել: Պայմանավորված է նրանով, որ Ֆինանսների նախարարությունը կարծես թե չի գտնում որևէ ճիշտ տարբերակ՝ հաշվետվություն տալու այդ գումարների դիմաց: Ըստ իս, այդ գումարները վատնել են սխալ ուղղություններով, էլ ավելի զավեշտալին այն է, որ վերջին մեկ ամիսը տելեգրամյան որոշ ալիքներում տեղեկություն էր տարածվել, որ հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած 107 միլիոն դոլարից շուրջ 8-9 միլիոն դոլարն ուղղակիորեն կանխիկացվել է, ծախսվել ինչ-որ իքս ապրանք գնելու համար, և արդյունքում՝ ոչ այդ ապրանքը կա, ոչ գումարը»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արա Վարդանյանը և որպես լուծում՝ առաջարկեց, որ  կառավարությունը պետք է որոշում ընդունի 107 միլիոն դոլարն ամբողջությամբ հիմնադրամին հետ փոխանցելու մասին:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այսպես խաղալ չի կարելի: Այս իշխանությունը պետք է հասկանա, որ այդ կառույցը ոչ իրենք են ստեղծել, ոչ էլ իրենք են փակելու: Հիմնադրամը փակելու առաջին փորձը տեղի է ունեցել 2018թ., երբ շինծու գործ սարքվեց իմ գլխին: Փառք Աստծո, սփյուռքի ճնշման ներքո Նիկոլը չկարողացավ փակել հիմնադրամը, իսկ նպատակը շատ պարզ էր. հիմնադրամը պետք է փակվեր, և իր տիկնոջ՝ Աննայի կողմից բացված հիմնադրամների հաշիվներին գնային այդ բոլոր գումարները»,- նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենը:

Արա Վարդանյանը նշեց՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի պաշտոնե հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նա է  պատասխանատու կազմակերպության բոլոր որոշումների համար:

Տեսանյութեր

Լրահոս