«ՄԻՊ տարեկան բյուջեի կրճատման նախագիծը խորհրդարանում տապալվելու է. Իշխանությունները չեն հասկացել՝ ինչ են անում». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող տարեկան բյուջեի կրճատմանը։

Ըստ նրա՝ այստեղ խնդիրն ինստիտուցիոնալ է և նաև կարող է կապված լինել կոնկրետ անձի հետ։

«ՄԻՊ ինստիտուտը հեղինակության հիման վրա գործող ինստիտուտ է, և անձի հեղինակությունը բերում է ինստիտուտի հեղինակության բարձրացման, հետևաբար՝ այսօր ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է։ Կարծում եմ՝ այդ նախագիծը խորհրդարանում չի անցնի, տապալվելու է։ Ես ազդակներ ունեմ՝ որպես մոնիտորինգի հանձնաժողովի անդամ և միջազգային կառույցների ակտիվ ներկայացուցիչ։ Կարող եմ ասել, որ մեր միջազգային ամբողջ գործընկերության շրջանակը դատապարտում է այս մոտեցումը։ Կարծում եմ՝ իշխանությունները չեն հասկացել՝ ինչ են անում, ինչին են ձեռք տալիս, և իրենց ձեռքերն արագ հետ կքաշեն»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա չբացառեց, որ իշխանական պատգամավորներից կլինեն մարդիկ, որոնք դեմ կքվեարկեն ՄԻՊ բյուջեն կրճատելու վերաբերյալ նախագծին։

Ինչ վերաբերում է այլ ոլորտների բյուջեի կրճատումներին, Էդմոն Մարուքյանը նկատեց՝ այդ ամենն իշխանությունների կողմից նախընտրական քայլ է։

«Այս իշխանությունն ամեն ինչ անում է ինքն իրեն ոչնչացնելու համար, պատկերացնում եք՝ ընտրություններ պետք է լինեն, և հանրակրթությունից գումարներ են կրճատվում, կարծում եմ՝ սա իր ազդեցությունն ունենալու է։ Այսինքն՝ սա նախընտրական, ինքն իրեն ոչնչացնելու հերթական քայլն է։ Բնականաբար, մենք դեմ ենք քվեարկելու այդ նախագծերին, բայց որ մարդիկ գնում են դրան՝ դա վատ հետևանքներ է ունենալու նշված ոլորտների համար։ Սակայն այդ ոլորտներում աշխատող մարդիկ կարող են համբերել ևս 3 ամիս, երբ Հայաստանում իշխանափոխություն կլինի, և այդ ֆինանսավորումը մենք կվերականգնենք»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններում ԼՀԿ-ի հնարավորություններին՝ Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ընտրություններին մասնակցելու են իշխանությունը վերացնելու համար, հետևաբար՝ այդ իմաստով ընտրություններին մասնակցում են ոչ թե խմբակցություն ունենալու համար, այլ իշխանությունը վերցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս