Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունը թեժ է․ ՈՒՂԻՂ
Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունենում ռեկտորի ընտրության երկրորդ՝ բավականին թեժ փուլը։ Քննարկումներն այնքան թեժացան, որ, բացի Հոգաբարձուների խորհրդի անդամներից, մնացած բոլորին, այդ թվում՝ մամուլի ներկայացուցիչներին, դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից։
Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին փուլի արդյունքում ռեկտոր չէր ընտրվել, քանի որ 4 թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել Հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությունը, 16 ձայնով երկրորդ փուլ էր անցել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը։ Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր նրան կա՛մ կողմ, կա՛մ դեմ պետք է քվեարկեին։
Նիստի սկզբում ՀԱՊՀ դասախոս Պարգև Բալջյանը իր և իր 30 կոլեգաների անունից հայտարարություն արեց, և կոչ արեց իր գործընկերներին չվերարտադրել անփառունակ կառավարումը և ասաց՝ եթե անգամ առաջին փուլում ռեկտորի թեկնածուների մեջ լիներ Իսահակ Նյուտոնը, ապա միևնույն է, Գոռ Վարդանյանը կհավաքեր այն 16 ձայնը, որը հավաքել է։
Վարդանյանն իր ելույթի ժամանակ պնդեց, որ պետք չէ 88-ամյա բուհի կառավարման միայն բացասական կողմերը նկատել, քանի որ բուհն այս տարիներին ունեցել է նաև
ձեռքբերումներ։
Քվեարկությունը վաղուց ավարտվել է, սակայն հաշվիչ հանձնաժողովը դեռ չի կարողանում հրապարակել արդյունքները։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, քանի որ իր պնդմամբ՝ երկու քվեաթերթիկ անվավեր է, նրա հետ համաձայն է հաշվիչ հանձնաժողովի ևս մեկ անդամ, իսկ հանձնաժողովի մյուս 3 անդամները պնդում են, որ դրանք վավեր են։ Քննարկումները դեռ շարունակվում են։