Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը «բաժանվել են»․ Daily Mail
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, բաժանվել են, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգն այս տեղեկությունը չի հաստատել։
PageSix-ի հրապարակման մեջ ասվում է, որ 51–ամյա դերասանուհին և 45–ամյա մարզիկը վերջ են տվել իրենց քառամյա հարաբերություններին։ Ինչպես հավելել է UsWeekly ամսագիրը, զույգը վերջին անգամ միասին ժամանակ է անցկացրել մարտի 1–ին Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ Լոպեսը նկարահանվում է Ջոշ Դուհամելի Shotgun Wedding կատակերգությունում։ Աղբյուրն ասել է, որ Ռոդրիգեսն այժմ գտնվում է Մայամիում և պատրաստվում է բեյսբոլի խաղերին, իսկ Լոպեսը մասնակցում է նոր ֆիլմի նկարահանումներին՝ Դոմինիկյան Հանրապետությունում։ People ամսագրին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ զույգի հարաբերությունները երեք ամիս է, ինչ սրված են, սակայն նրանք փորձել են պահպանել դրանք:
Ենթադրվում է, որ զույգի բաժանման պատճառը Ռոդրիգեսի հարաբերություններն են հեռուստաաստղ Մեդիսոն Լըքրոյի հետ։ Նրանց հեռախոսազրույցների մասին հայտնի էր դարձել փետրվարին՝ հակառակ նրան, որ հեռուստաաստղն ամուսնացած է։ PageSix–ին տված հարցազրույցում Լըքրոն ասել է, որ իրենք շփվում են, սակայն այդ հարաբերություններն «անմեղ» են և հավելել, որ նրանք երբեք չեն հանդիպել, այ պարզապես զրուցել են հեռախոսով։ Նա պնդել է, որ Ռոդրիգեսը երբեք չի դավաճանել Ջենիֆերին։
«Ես փորձել եմ հնարավորինս լուռ լինել: Ես ոչ մի վատ բան չեմ ցանկացել նրա կամ իմ ընտանիքի համար: Մենք այդ շփման մեջ հաստատ անմեղ ենք», – ասել է աստղը։
Ռոդրիգեսի և Լըքրոյի հնարավոր հարաբերությունների մասին առաջին անգամ խոսվել է Southern Charm հեռուստանախագծի ընթացքում, որին մասնակցում է հեռուստաաստղը։ Հենց նախագծի շրջանակներում նշվել է, որ հեռուստաաստղը մեկնել է Մայամի՝ ամուսնացած տղամարդու հետ հանդիպելու նպատակով, ինչին ի պատասխան Լըքրոն նշել է, որ կարող են այդ տեղեկությունը ստուգել ստի դետեկտորի միջոցով և համոզվել, որ նման բան չի եղել։
Մինչդեռ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսն արդեն երկու անգամ հետաձգել են իրենց հարսանիքը, ինչը պայմանավորված է եղել կորոնավիրուսային համավարակով։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են 2017 թվականին և 2020-ին պատրաստվում էին ամուսնանալ, սակայն ամուսնությունը հետաձգվել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների հետևանքով։
Հայտնի է, որ մինչ այս նշանադրությունը Լոպեսն ամուսնացած է եղել երեք անգամ, նա ունի երկու երեխա: