Բաժիններ՝

Թե՛ երկնավոր, թե՛ երկրավոր թագավորների համար պատերազմողները

Ամեն տարի Մեծ պահքի` Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սեբաստիայի սուրբ քառասուն մանուկների հիշատակը:

Այս մանուկների հիշատակումը կարևոր է և դարձել է օրինակ հավատքի մեջ շարունակ հաստատուն մնալու: Լիկիանոս կայսրը՝ Միլանի նշանավոր ազատության հրովարտակի խզմամբ, սկսեց հալածել քրիստոնյաներին: Հալածանքի ալիքը հասավ Կապադովկիա, ուր կասերական բանակը արևելյան սահմաններն էր պաշտպանում: Այս բանակում ծառայում էին հավատով քրիստոնյա քառասուն զինվորներ, որոնց քրիստոնյա լինելը հայտնի էր բոլորին:

Երբ նրանց ձերբակալեցին և առաջարկեցին ենթարկվել հրահանգին՝ հրաժարվել Քրիստոսից և քրիստոնեությունից, զինվորները կտրականապես մերժեցին այն՝ միաբերան պատասխանելով. «Քրիստոնյա՛ ենք, պաշտում ենք Քրիստոս Աստծուն՝ երկնքի և երկրի արարչին, իսկ մեր հայրենիքը՝ անանցական Աստծո երկնային քաղաքն է»: Նրանցից մեկն անգամ ասաց. «Եթե, ձեր ասածի նման, այնքան քաջությամբ պատերազմեցինք երկրավոր թագավորի համար, կարծում եք` նույնը չե՞նք անի մեր երկնավոր թագավորի համար»:

Երբ այս ասածի համար բանտ նետվեցին, նրանց երևաց Քրիստոս՝ հորդորելով. «Լա՛վ սկսեցիք, ջանացեք լավ էլ ավարտել: Հաղթության պսակը մինչև վերջ համբերողինն է, մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»: Խնդությունը անսահման էր նրանց հոգում, իսկ քաջությունը՝ աննկարագրելի: Եվ այդուհետև ապագայի խոստումներին նրանք պատախանում էին. «Մեր ապագան արդեն իսկ որոշված է երկնքում»:

Քառասուն մանուկներն արդեն իրենց զգում էին որպես եղբայրներ՝ «իրար միացած Քրիստոսի սիրով»: Նրանք դիմադրեցին բոլոր չարչարանքներին: Դատապարտվեցին քարկոծման ու մահվան, սակայն նրանց հոգին լի էր ցնծությամբ, քանի որ մահվան էին գնում իրենց Տիրոջ փառքի համար:

Դատապարտված լինելով մահվան՝ քառասուն մանուկները քաջալերում էին միմյանց և ասում. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանան, դուքսը և դատավորը: Մենք՝ քառասունս, Քրիստոսի օգնականությամբ, կհաղթե՛նք նրանց»: Եվ իսկապես, այս կռվում հաղթող դուրս եկան քառասուն սուրբ մանուկները՝ Քրիստոսի օգնությամբ և առաջնորդությամբ: Նրանք արհամարհեցին ցանկացած փորձություն, խոնարհաբար տարան իրենց բաժին հասածը՝ հանուն Քրիստոսի: Չտրվեցին չարին և չդավաճանեցին իրենց հավատքը:

Քառասուն սուրբ մանուկները քաջ մարտիկներ եղան թե՛ երկրավոր, թե՛ երկնավոր թագավորների համար: Թող նրանք օրինակ դառնան ամենքիս համար նվիրվածության հարցում: Եվ թող որ երբեմն Երկնավոր թագավորի համար որևէ փոքրիկ զոհաբերության գնալիս՝ հիշենք նրանց, որ չխնայեցին անգամ իրենց կյանքը:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս