Կայացել է Արթուր Խաչատրյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը. Irakanum.am

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ աշխատանքային այցով Երևանում է գտնվում ՌԴ Կամչատկայի երկրամասի հայկական համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը։ Աղբյուրը տեղեկացրել էր, որ Արթուր Խաչատրյանը Հայաստանում մի շարք քաղաքական հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես նա մարտի 10-ին հանդիպել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ մարտի 12-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է Արթուր Խաչատրյանի հանդիպումը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այս անգամ էլ օրակարգում եղել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու բնականաբար Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցած և ունեցող զարգացումները։

Irakanum.am-ի հետ զրույցում Արթուր Խաչատրյանը որոշ մանրամասներ է ներկայացրել իր և Սերժ Սարգսյանի հանդիպումից։ «Ես նախ ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը, որ պարոն Սարգսյանը չմերժեց իմ առաջարկությունը և մեր հանդիպումը կայացավ։ Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, խոսել երկրում ստեղծված իրավիճակից»,- ասել է Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը ևս հետաքրքրվել է թե ինչ դիրքորոշում ունեն Կամչատկայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանում և Արցախում ընթացող զարգացումներից։

Ըստ Խաչատրյանի՝ Սարգսյանին է փոխանցվել այն, որ համայնքի ներկայացուցիչները խիստ մտահոգված են ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումներով։ «Արցախյան պատերազմը, որի արդյունքում հայկական կողմը պարտվեց և հազարավոր զոհեր ունեցանք, անշուշտ այս ապիկար իշխանության շնորհիվ էր։ Հայ համայնքում այդ օրերին լարված հետևում էին ընթացող իրադարձություններին, և որպես Հայաստանի համար մտահոգ քաղաքացի չէի կարող իմ մտահոգությունների մասին չխոսեի Սերժ Սարգսյանի, մի մարդու հետ, ում կառավարման օրոք Ադրբեջանը երբեք չէր համարձակի մտածել անգամ, որ կարող են Արցախից, էլ չասեմ Հայաստանի տարածքներ վերցնել»,- նշել է ՌԴ Խաչատրյանը։

Կողմերը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ ներքաղաքական զարգացումներին։ Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ երկրում օր առաջ փոփոխություններ են պետք, որոնք կլինեն ի նպաստ Հայաստանի և Արցախի հետագա զարգացման։

Տեսանյութեր

Լրահոս