Երբ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան՝ նույն ինքը առողջապահության նախարարի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը, լինելով միջազգային «ռեկոմենդացիաների» ջատագով, դրանց չի հետևում
Մարտի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Ա․Թորոսյանը ցուցադրաբար հանում է դիմակը` պատճառաբանելով Քովիդ-19-ի դեմ իր պատվաստված լինելը։
Հիշեցնենք միջազգային «ռեկոմենդացիաների» այս ջատագովին, որ ամերիկյան հիվանդությունների վերահսկման կենտրոնի ուղեցույցների համաձայն պատվաստված անձինք նույնպես պետք է պահպանեն հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում կրեն դիմակ, պաշտպանելու համար իրենց և մյուսներին, քանի դեռ պատվաստանյութերի՝ Քովիդ-19-ով վարակվելուց և հիվանդությունը տարածելուց պաշտպանելու հատկությունները լիարժեք ուսումնասիրված չեն։
Բացի դրանից, արդեն կան տարբեր հաղորդագրություններ, ըստ որոնց Քովիդ-19-ի դեմ այս կամ այն պատվաստանյութով պատվաստվելուց հետո ևս որոշ մարդիկ վարակվել են։
Իսկ ընդհանրապես, ցանկացած վարակի դեմ պատվաստում լիովին չի բացառում հետագայում վարակվելու և հետևաբար վարակը փոխանցելու հավանականությունը։
Եզրակացություն
Ա․Թորոսյանի հանրային վարքագիծը կա՛մ տգիտության, կա՛մ երեսպաշտության արդյունք է։