Բաժիններ՝

«Ամեն ինչի տեղը գիտեին, հենց դա է վատը». Ջաբրայիլի բնակիչը՝  44-օրյա պատերազմի մասին

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը շատ ընտանիքների դարձրեց փախստական, շատերի նպատակները հօդս ցնդեցին:

Մարդիկ ամեն օր քնում ու արթնանում են հույսով, որ պատմական հայկական հողերը մի օր օկուպանտների ձեռքից հետ կվերցնեն:

Իսկ մինչ այդ՝ Հայաստանի տարբեր շրջաններում բնակություն հաստատած մեր հայրենակիցները մտածում են, թե ինչպես վաստակեն օրվա հացն ու պահեն իրենց ընտանիքը:

44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մինասյանի  ընտանիքը, օրինակ, ապրում է  Արարատի մարզի Դվին գյուղում։ Մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, բայց չեն դժգոհում, ասում են՝ մեզանից վատ վիճակում գտնվողներ կան, առաջնահերթ նրանց է օգնություն պետք, նոր՝ մեզ:

«Ապրում էինք Ջաբրայիլում, մեքենաներ ունեինք, ջերմոցներ, ահագին հողատարածք, ոչ մի բան չենք հասցրել բերել մեզ հետ: Կռիվն անակնկալ կերպով սկսեց ու հենց Ջաբրայիլից, ընդհանրապես ոչ մի բան չենք հասցրել բերել մեզ հետ: Զորամասից 2 կմ էր հեռու մեր տունը, և ընտանիքները, որոնք զինվորական չէին,  տեղափոխվել էին մեր տուն ահագին ժամանակ, մինչև վիճակը վատթարացավ: Ամուսինս 44 օր շարունակ պատերազմի դաշտում էր ու ավարտվելու ժամանակ արդեն Գորիսի մոտ էր հասել: Վերջում էլ անակնկալ կերպով հայտնեցին, որ Ջաբրայիլը կորցրել ենք, այն մերը չէ, պատերազմում պարտվել ենք: Շոկի ենթարկվեցինք, երբ նոյեմբերի 10-ի առավոտյան իմացանք ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Մինասյանի  կինը՝ Մարթան:

Նրա խոսքով՝ արցախյան առաջին պատերազմից տարբեր էր երկրորդը, թշնամին իմացել է թիրախներն ու հստակ հարվածել:

«Ես ծնվել, մեծացել եմ Ստեփանակերտում, արցախյան առաջին պատերազմում այնտեղ էի, ու մինչև հիմա  ոչ մի բան չեմ կարողանում մոռանալ: Իմ մանկությունը դա էր. նկուղում, 4 երեխաներով… Նախորդ պատերազմի ժամանակ մարդկային ինչ-որ բան կար, բայց այս կռիվը լրիվ անմարդկային ձևով էր: Չէին մտածում, որ, ասենք, այս շենքում կարող են երեխաներ լինել, խփում էին՝ որտեղ պատահի ու կոնկրետ: Սա մարդու կռիվ չէր, ուղղակի տեխնիկայի կռիվ էր: Գիտեին, որ ահա, այս մեքենան գնաց, այստեղ տուն է, ու ուղիղ հարվածում էին: Ամեն ինչի տեղը գիտեին, հենց դա է վատը»,- պատմեց տիկին Մարթան:

Ընտանիքն այս պահին  բնակվում է Դվինում, ունեն սոցիալական խնդիրներ, բայց փորձում են ինքնուրույն լուծել:

«Գյուղի դպրոցում ինձ աշխատանք են տվել՝ մասնագիտությամբ օտար լեզվի ուսուցչուհի եմ: Ունեմ 4 անչափահաս երեխա, օգտվել ենք կառավարության կողմից հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերից, համայնքապետարանն էլ ինչով կարողանում՝ օգնում է: Կարևորում եմ բնակարան ունենալու հարցը, իսկ Արցախ դեռ չենք շտապում վերադառնալ, քանի որ տեղը, որտեղ որ  պետք է հետ գնանք՝ էլ չկա: Ամուսինս 2 անգամ դարձավ փախստական, որովհետև 1988թ. Ֆիզուլիից եկել էին այստեղ, հետո նորից վերադարձել էին Արցախ, և երկրորդ անգամ կրկին փախստականի կարգավիճակում հայտնվեցինք»,- նշեց մեր զրուցակիցը:

Ցանկության դեպքում ընտանիքին օգնել հնարավոր է նշված հաշեհամարի միջոցով, որն Անդրանիկ Մինասյանի անունով է. «Արդշինբանկ» 2470074012650000:

Լուսանկարները՝ Սամուել Ոսկանյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս