Բաժիններ՝

Մինչ ԱՆ-ն հայտարարում է կորոնավիրուսի 795 նոր դեպքի ու 10 մահվան մասին, նախարարն ու ողջ ղեկավար կազմը 3 օր «աշխատաժողով» է անում Աղվերանում

Րոպեներ առաջ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության նախարարության արձագանքումն ու բարելավման ուղիները» թեմայով 2-օրյա աշխատաժողովը, որին մասնակցել է գերատեսչության ղեկավար անձնակազմը:

Հանդիպման շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերը, արձագանքման բոլոր պլանները, վերանայման գործընթացներն ու առողջապահության բնագավառի արձագանքման արդիական ու ճկուն համակարգ ունենալու ուղղությունները:

Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ՝ այս աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ըստ էության բաներ, որոնք ապրիորի դուրս չպիտի գան նախարարության 1-ին, գաղտնի բաժնի պատերից:

Եվ առհասարակ Արտակարգ իրավիճակների դեպքում նախարարության պլաններն ու գործողությունները, թերևս, պետական ու ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն են ենթադրում, և այդ ինֆորմացիան երրորդ կողմին, տվյալ դեպքում՝ միջազգային կազմակերպությանը, հասանելի դարձնելը որքանո՞վ է ճիշտ ու նպատակահարմար:

Իր հաղորդագրության մեջ նախարարությունը, մասնակիցների կազմի մասին խոսելով՝ «ղեկավար կազմ» ընդհանրական ձևակերպումը տալով, բնականաբար, չի նշում, որ ուրբաթ օրվանից Աղվերանի «Բեսթ Վեսթերն» հյուրանոցում են գտնվում նախարարը, փոխնախարարները, վարչության պետերն ու խորհրդականները: Վերադառնալու են կիրակի:

Իսկ միգուցե այս ոչ էժան հանգստի ֆինանսավորո՞ւմն է իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը՝ փոխարենը ստանալով բավականին արժեքավոր տեղեկություններ:

Մյուս կողմից, երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարում է, որ ունենք կորոնավիրուսի թվերի աճ, ու պետք է խստացնել դիմակների կրման պահանջն և վերադառնալ տուգանքներով պատժաձևերին, չի՞ մտածում, որ, օրինակ, այսօր իրենց իսկ հրապարակած 795 նոր դեպքի ու կորոնավիրուսից 10 մահվան դեպքում երեք օր նախարարության ողջ ղեկավար կազմով չեն գնում Աղվերանում կասկածելի քննարկումներ անելու, ձեռքի հետ էլ՝ «տժժալու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս