Ո՞ւմ է սպասարկում ՔԿԾ պետի ծառայողական մեքենան
Ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում օգտատերերից մեկը սխալ կայանված մեքենայի մի լուսանկար էր տեղադրել ու կից գրել, որ այս կերպ կանգնող վարորդներին խորհուրդ է տալիս մեքենա չվարել:
«Կես ժամ է՝ ուզում եմ բակից դուրս գալ»,- գրել էր օգտատերը:
Ավտոմեքենան պետական պետահամարանիշներով ծառայողական մեքենա է, սպասարկում է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին:
Չէինք կենտրոնանա այս լուսանկարի վրա, որովհետև բոլորի հետ էլ կարող է պատահել. միգուցե շտապ ինչ-որ տեղ է մտել վարորդը, բայց ժամանակին դուրս չի եկել: Ուշագրավն այն է, որ այս մեքենան, փաստորեն, և այս մասին Ծառայությունում բոլորն են վկայում, ամեն տեղ կարելի է տեսնել, բացի Քրեակատարողական ծառայության բակից, ուր ըստ էության և պետք է հիմնականում կայանված լինի այս ծառայողական մեքենան, որովհետև ՔԿԾ պետը գրեթե շենքից դուրս չի գալիս:
Եվ ուրեմն, ո՞ւմ է սպասարկում ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանի ծառայողական մեքենան: