Կառավարության նախագծով հիմքեր են ստեղծվում ՄԻՊ A կարգավիճակը վերանայելու համար. Թաթոյան

Մարտի 11-ի կառավարության նիստում հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ կառավարության նախագիծը, որով վերացվում է ՄԻՊ անկախության երաշխիքը, նաև այս կառույցի միջազգային վարկանիշի վերանայման հարց կարող է առաջացնել:

ՄԱԿ-ի կողմից ընդունված Փարիզյան սկզբունքների հիման վրա մարդու իրավունքների կառույցները ենթարկվում են միջազգային ակրեդիտացիայի: ՀՀ ՄԻՊ-ը 2006թ.-ից ստացել է A կարգավիճակ՝ իր հնարավորություններով, ու այն պահում է մինչ օրս:

«Սա հանգեցնելու է մեր դեմ գործընթացի՝ ակրեդիտացիայի վերանայման պրոցեսի»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանը նաև ներկաներին ներկայացրեց այս հարցին առնչվող B կարգավիճակ ունեցող Ադրբեջանի մարդու իրավունքների հաստատության քայլերը միջազգային ասպարեզում, երբ ՀՀ ՄԻՊ-ին օգնության է հասել իր կարգավիճակը:

«Ադրբեջանի մարդու իրավունքների հաստատությունը մեր դեմ բողոքներ է ներկայացնում շարունակաբար միջազգային կառույցներին, և, եթե A կարգավիճակը չլիներ, հնարավոր է՝ միջազգային կառույցները համաձայնեին իրենց հետ: Օրինակ, իրենք վերջերս զեկույց են ներկայացրել միջազգային կառույցներից մեկին, որի համաձայն՝ ասում են, թե երբ Ադրբեջանի գերիները եղել են Հայաստանում, ես իբրև թե անձամբ այցելել եմ Քրեակատարողական հիմնարկ, իրենց հետ կոպիտ եմ խոսել, և երբ իրենք ուզել են ինձ հետ առանձին հանդիպել, ես առանձնազրույցը մերժել եմ: Սա, իհարկե, բացարձակ չի համապատասխանում իրականությանը, սուտ է: Բայց եթե, օրինակ, մեր A կարգավիճակը չլիներ, միջազգային կառույցները միգուցե հավատային, մտածեին՝ «դե, մեկ է, կառավարությունից կախված կառույց է, շատ հնարավոր է, որ այդպես էլ անի»»,- ասաց Արման Թաթոյանը:

ՄԻՊ փոխանցմամբ՝  Ադրբեջանում 2020թ. փոխել են օրենքը, նույնությամբ ամրագրել են Մարդու իրավունքների պաշտպանի մեր կառույցի այն երաշխիքը, որ հիմա կառավարությունը հանում է, ու դիմել են ՄԱԿ-ին, որ B կարգավիճակ ունեցող Ադրբեջանի մարդու իրավունքների հաստատությունը ստանա A կարգավիճակ: Ու զուգահեռ սրան՝ մեր իշխանությունն ամեն բան անում է, որ վերանայվի ՀՀ ՄԻՊ-ի կարգավիճակը:

«Միջազգային պահանջների համաձայն՝ սա պետք է մանրամասն քննարկվեր, հանրային քննարկում նաև անցներ, լիներ թափանցիկության պայմաններում, իսկ «չզեկուցվող» ներառվելը նույնպես խնդիր է, իսկ դա Փարիզյան սկզբունքների կոպիտ խախտում է: Արդեն հիմքեր կան ստեղծված՝ մեր ակրեդիտացիայի վերանայման հետ կապված: Նախնական հիմքերն արդեն ստեղծվում են, որովհետև երբ վերանայվի և հանկարծ իջեցվի, հաշվի են առնվելու նաև այս բոլոր մասերը»,- նշեց Թաթոյանը:

Պաշտպանի խոսքով՝ այս փոփոխությունը լինելու է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում: Որպես օրինակ էլ՝ նա հիշառակեց Freedon House-ի քննադատությունը, որի համաձայն՝ այս նախագիծը կխաթարի ՄԻՊ անկախությունը և կվտանգի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության պրոցեսը, և, որ առկա ճգնաժամի պայմաններում ավելի կխորացնի այն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում:

Տեսանյութեր

Լրահոս