Աշխարհում աճել է երկվորյակների ծնելիության մակարդակը. առաջատարն Աֆրիկան և Ասիան են
Աշխարհում ամեն 42-րդ ծննդաբերության արդյունքում ծնվում են երկվորյակներ, որոնց տարեկան թիվը կազմում է շուրջ 1,6 միլիոն, հայտնում է BBC-ն: Պարզվել է, որ լույս աշխարհ եկող երկվորյակների թիվը 1980-ականներից ի վեր աճել է մեկ երրորդով:
«Մարդկային վերարտադրություն» ամսագրի հրապարակման համաձայն, վերջին 30 տարիների ընթացքում բոլոր տարածաշրջաններում երկվորյակների ծնելիությունն աճել է՝ գրանցելով 32 տոկոսից (Ասիա) մինչև 71 տոկոս աճ (Հյուսիսային Ամերիկա):
Հետազոտողները 2010-2015 թվականների ընթացքում տեղեկատվություններ են հավաքել 165 երկրից և դրանք համեմատել 1980-1985 թվականների տվյալների հետ:
Յուրաքանչյուր 1000 ծնունդից ամենամեծ թվով երկվորյակներ ծնվում են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, իսկ ամբողջ աշխարհում 1000 ծննդաբերությունից 12-ի ժամանակ են երկվորյակներ ծնվում։ Սակայն Աֆրիկայում երկվորյակների ծնելիության մակարդակը միշտ բարձր է եղել և վերջին 30 տարիների ընթացքում շատ բան չի փոխվել։ Ներկայում երկվորյակների ծնելիությամբ առաջին տեղում Աֆրիկան և Ասիան են, որտեղ ծնվում է երկվորյակների շուրջ 80 տոկոսը:
Ուսումնասիրության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Մոնդենն ասել է․ «Աֆրիկայում երկվորյակների թիվն այդքան բարձր է, քանի որ մեծ է «կեղծ» երկվորյակների թիվը (երկու տարբեր բեղմնավորումների արդյունքում ձևավորված պտուղներ են, որոնք ծնվում են միաժամանակ)», – և հավելել, –«Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Աֆրիկայի բնակչության գենետիկ տարբերություններով»:
Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Խաղաղօվկիանոսյան երկրներում երկվորյակների ծնելիությունն ավելացել է վերարտադրողական միջամտությունների, արհեստական բեղմնավորումների և այլ բժշկական միջամտությունների արդյունքում։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում երկվորյակների ճակատագիրն ավելի մտահոգիչ է։ Շատ դեպքերում զույգերից մեկը մահանում է և ամեն տարի ավելի քան 200 հազար նման դեպք է գրանցվում։