Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արմեն Սարգսյանի մոտ նախատեսված հանդիպումն այդ նպատակն ունի. Արթուր Ղազինյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին, ժամը 12։00-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայր՝ առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով։
Նախագահ Արմեն Սարգսյանի այս հրավերին առաջինն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներկայանալ հանդիպմանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ տեղեկացրեց, որ պատրաստ են ցանկացած ձևաչափով քննակման՝ բացի մեկից՝ վարչապետի փոփոխության հարց որևէ ձևաչափով չի կարող քննարկվել։
Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժմանը», ապա դրա համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ պատրաստ են Ազգային ժողովում ուղիղ եթերում կազմակերպվելիք քննարկմանը մասնակցել, իսկ Փաշինյանի հրաժարականի հարցն իրենց թիվ մեկ օրակարգն է։ ԲՀԿ-ն դեռ պաշտոնապես որևէ հայտարարություն չի տարածել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ խորհրդարանական խմբակցությունների և ՀՓՇ ղեկավարներին մեկ սեղանի շուրջ նստեցնելու պատրաստակամության մասին, նկատեց, որ Արմեն Սարգսյանը կրկնում է 2018 թվականի մարտի 23-ի սցենարը, երբ իր մոտ հանդիպումից հետո Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
«Արմեն Սարգսյանը փորձում է կրկնել այդ տեսարանը, երբ իր նստավայրում հանդիպեցին ճգնաժամի կողմերը՝ Վեհափառ հայրապետը, Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, չկար Փաշինյանը, նա գտնվում էր մեկուսարանում։ Կարծում եմ՝ վաղը նախատեսված հանդիպումն ունի այդ նպատակը, որպեսզի պետության գլուխ Արմեն Սարգսյանն իր վրա վերցնի երկիրը քաղաքական կայունության բերելու գործը, գուցե Արմեն Սարգսյանը կատարում է այս պահին նաև Նիկոլ Փաշինյանի խնդրանքը,- ասաց Ղազինյանը՝ հավելելով,- Զինված ուժերը հասել են իրենց նպատակին, և առաջիկայում դա կտեսնենք։ Ես ավելի քան համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, և Արմեն Սարգսյանի մոտ նախատեսված հանդիպումն այդ նպատակով էր կազմակերպված։ Չեմ բացառում, որ հենց վաղը դա լինի, կամ լինի երկուշաբթի օրը»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականությանը, ապա Ղազինյանն ընդգծեց, որ անխուսափելի են այլևս արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն վստահեցրեց՝ դրանք Փաշինյանը չպետք է անցկացնի։
«Աչքն էլ չի թարթի ու կկեղծի, որովհետև Փաշինյանի մոտ ճիշտ գոյություն չունի։ Նա կփորձի կեղծել, բայց միևնույն ժամանակ՝ կասկածում եմ, որ ունի բավարար ուժ և կարողություն այդ կեղծարարությունն անելու համար»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է փաշինյանական թիմի մասնակցությամբ կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սցենարին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահն ընդգծեց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում նրա իշխանության այս պահի միակ հենարանը հանդիսացող ուժային կառույցները ևս նրան չեն ենթարկվելու։
«Վարչական ռեսուրսը կգիտակցի, որ այս մարդն այլևս իր կյանքում չի լինելու վարչապետ։ Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ապա պարզ է, որ ուժային կառույցները կատարում են իրենց ղեկավարի հրամանները։ Երբ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տեքստը, ապա այդ պահից սկսած այդ նույն ուժային կառույցները կսկսեն փնտրել ապագա վարչապետին և սկսեն գործողություններ ձեռնարկել՝ պայմանավորվելու համար ապագա վարչապետի հետ»,- ասաց Ղազինյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ-չգնալու հարցին, ապա «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն ասաց, որ իրենք՝ որպես առանձին կուսակցություն, դեռևս այդ հարցը չեն քննարկել, իսկ «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող ուժերն էլ ազատ են որոշելու՝ գնո՞ւմ են ընտրության, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ հրաժարական չտալուց հետո ուրվագծվող սցենարին, ապա Ղազինյանը նկատեց, որ այդ դեպքում գործելու է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը, ՀՓՇ-ն անցնելու է ավելի ռադիկալ գործողությունների՝ փոխելով և կոշտացնելով նաև իր հռետորաբանությունը։ Բաղրամյան պողոտան շարունակելու է փակված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել իրենց առաջ քաշած թիվ մեկ հարցը, քանի դեռ չի հեռացվել պատերազմում պարտված իշխանությունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում