«Ինձ իսկապես շատ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջ». Վազգեն Մանուկյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մարտի 10-ին վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպման առաջարկի վերաբերյալ «Հայրենիքի փրկության շարժման» պատասխանը, թե կհանդիպեն այն դեպքում, երբ օրակարգում լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը ու հանդիպումն անցկացվի Ազգային ժողովում՝ ուղիղ հեռարձակմամբ:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ սա այն իշխանությունն է, որի հետ միայն նրա հրաժարականի հարցը կարող է քննարկվել, ուրիշ ոչինչ:
«Կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսի: Բայց երբ դու գիտես, որ քո երկրի ղեկավարը բացարձակապես տապալել է քո երկիրը, խայտառակ պարտություն է կրել, իր հետ ի՞նչ կոմպրոմիսի պիտի գնաս, ի՞նչ: Խոսե՞նք գյուղատնտեսության մասին: Անիմաստ է դա: Մինչև ինքը չգնա, որևէ հարց… Այսինքն՝ իր հետ կոմպրոմիս չկա: Կա՛մ ինքը գնում է, կա՛մ ինքը չի գնում: Միակ խոսակցությունը դա է: Ես ուրիշ կոմպրոմիս չեմ տեսնում…
Իր ղեկավարությամբ ընտրություններ՝ դա նշանակում է՝ ինչ-որ իմաստով լեգիտիմացնել այն պարտությունները, որոնք մենք ունենք… Դուք տեսնում եք, որ Հայաստանը կամաց-կամաց վերածվում է ոստիկանական պետության: Դուք տեսնում եք, որ, մենք նույնիսկ զարմանքով տեսանք, որ քրեական գործերն անցնում են վարչապետի գրասենյակի ինչ-որ աղջկա միջոցով: Այդ պայմաններում ո՞նց կարելի է գնալ ընտրությունների և երաշխավորված լինել, որ ընտրությունների արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքին: Բացառվում է»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:
Լրագրողների հարցին, թե բացառո՞ւմ է հետագա սրացումներ, բախումներ, ոստիկանական ուժի կիրառումը, Մանուկյանը արձագանքեց.
«Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն թե հարցը լուծվի: Ինձ ուրիշ սրացում է վախեցնում: Ինձ իսկապես շատ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջ, ու այն ձգտումը Ալիևի, որ հասկանում է՝ այսօր Նիկոլը կա, վաղը չի լինելու, Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չի անել իրենից հետո: Այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում: Իսկ ներքին սրացումները… սրացումը գնում է հայրենիքը դավաճանողների թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց մեջ: Իհարկե, ես կուզենայի՝ ամեն ինչ փափուկ լուծվի, բայց եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում»:
Վազգեն Մանուկյանը նաև նշեց, որ չի հավատում նախագահ Արմեն Սարգսյանի ցանկությանը՝ նման հանդիպման առաջարկով իրավիճակը կարգավորելու մտադրության մասին: Ըստ Մանուկյանի՝ Արմեն Սարգսյանը 2.5 տարի ունեցել է բազմաթիվ հնարավորություններ՝ ազդել դեպքերի ընթացքի վրա, ու երբեք չի առաջնորդվել երկրի շահերով:
«Իր այդ կոչը ժողովրդի համար գեղեցիկ է հնչում՝ երկրի նախագահը, պապան, անհանգստացած՝ երկրում տեղի ունեցածով, ուզում է հավաքել, ինքը ձգտում է հավաքելու, գտնում եմ դրական: Բայց դրդապատճառների մեջ իր գրածի վերաբերյալ խիստ կասկածներ ունեմ, որ ինքն այլ զգացմունքներ ունի, ինչ որ գրել է այդ փաստաթղթի մեջ, որովհետև ինքը շատ հեշտությամբ կարող էր երկրորդ անգամ, երբ ստացավ Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատելու փաստաթուղթը, ինքը կարող էր ուղարկել ՍԴ: Ինքը դա չարեց: Դա չարեց, ավելի սրեց իրավիճակը: Ինքը դա չարեց, մենք եկանք այստեղ զբաղեցրեցինք: Դա չի անելու, կգնանք ուրիշ տեղ կզբաղեցնենք՝ մինչև կամաց-կամաց հասնենք Շուշի»,- ասաց Վազգեն Մանուկյանը: