Նախագահը պետականությունից և իր կարգավիճակին վերաբերող գիտելիքներից հազարավոր կիլոմետրերով հեռու է գտնվում. սահմանադրագետ
Նախագահը չի ստորագրել և չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու ՍԴ. տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից: Հայտարարությամբ նաև հիշեցրել էին. «2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ Գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա»:
Այս պարագայում Արտակ Դավթյանը երբվանի՞ց է համարվելու ԳՇ նորանշանակ պետ. կոնկրետ օր կա՞՝ 168.am-ը հետաքրքրվեց սահմանադրագետ Վարդան Այվազյանից: Նա ի պատասխան՝ ներկայացրեց իրավական հիմնավորումը. «Կոնկրետ օրը Սահմանադրությունը նախատեսում է. նախագահը ստանում է, ստանալու պահից երեք օրվա ընթացքում պետք է ստորագրի, եթե չի ստորագրում, բայց առարկություններով էլ հետ չի ուղարկում վարչապետին, երեք օր հետո ուժի մեջ է մտնում, եթե առարկություններով ուղարկում է վարչապետին, բայց Սահմանադրական դատարան չի դիմելու, դառնում է՝ 8 օր հետո ուժի մեջ մտնելը»:
Սահմանադրագետը մեր խնդրանքով մեկնաբանելով նախագահի այս գործելաոճը՝ այսպես գնահատեց. «Ինքը պետականությունից և իր կարգավիճակին վերաբերող գիտելիքներից հազարավոր կիլոմետրերով հեռու է գտնվում, և, բնականաբար, նրա պահվածքը իր մեջ ոչ մի լրջություն չի պարունակում, որպեսզի կարողանանք համարժեք մեկնաբանություն անել»: