«44 օր տևած պատերազմի ընթացքում չափից ավելի տվյալներ են հավաքվել այն մասին, որ երկրի ղեկավարությունը նպատակաուղղված կերպով ու դիտմամբ կայացրել է սխալ որոշումներ». Արմեն Աշոտյան

«Նախ Փաշինյանը երկիրը հասցրել է պատերազմի: Նրա ապիկար գործունեությունը, իսկ պոստֆակտում արդեն կարելի է ասել, նաև միտումնավոր կերպով խաղաղ բանակցային պրոցեսն արգելափակելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում այդ գործընթացը փակուղի մտցնելու ջանքերը ստեղծեցին դիվանագիտական ֆոն, ինչը չեզոքացրեց այն ագրեսիայի տպավորությունը, որը սանձազերծեցին Ադրբեջանը, Թուրքան և իսլամիստները Հայաստանի ու Ղարաբաղի դեմ»,- «Осторожо, Собчак» հաղորդման՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին նվիրված հերթական թողարկման ժամանակ Սերգեյ Տիտովի պատրաստած ռեպորտաժում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ պետք է հեռանա Փաշինյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ բացի դրանից, Թուրքիան այդպես ցինիկաբար կարողացավ այդ կոնֆլիկտի մեջ մտնել, որովհետև Փաշինյանը 3 տարի շարունակ հետևողականորեն փչացրեց հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները:

Երրորդ պատճառը, ըստ Արմեն Աշոտյանի, այն է, որ այդ 44 օր տևած պատերազմի ընթացքում չափից ավելի տվյալներ են հավաքվել այն մասին, որ երկրի ղեկավարությունը նպատակաուղղված կերպով ու դիտմամբ կայացրել է սխալ որոշումներ՝ իր ռազմաքաղաքական գործունեության մեջ:

«Սա պարզապես պարտություն չէր, սա փաստացի կապիտուլյացիա էր»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է այստեղ և հիմա անցկացվող ընտրությունների մեջ, սակայն մենք այն վիճակում չենք, որ երկիրն իրեն կարողանա այս պահին թույլ տալ անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Քայքայված է մեր պաշտպանունակությունը, «բարդակ» է սահմաններում, ձախողված է արտաքին քաղաքականությունը, գտնվում ենք տնտեսական ճգնաժամի մեջ, սոցիալական ահռելի խնդիրներ ունենք, մարդիկ հակված են արտագաղթի, ու այս վիճակում արտահերթ ընտրություննե՞ր անցկացնել…»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս