Գյումրիում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Գյումրիում մարտի 11-ին երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ «Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- նշեց դատախազը։
Անի թաղամասում իրենց իսկ բնակարանի մեջ դանակահարել են նույն թաղամասում գործող սրճարաններից մեկի տիրոջ որդուն ու հարսին։ Նրանց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, ապա Երևան: Ամուսինը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։ Նա վիրահատության է ենթարկվել, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, վիճակը կայուն է։ Կինը հիվանդանոց է տեղափոխվել ձախ վերին վերջույթի բազմակի կտրած, ծակած վերքերով, երկրորդ-երրորդ մատների ծալիչ-ջլերի վնասվածքով։
Արմենուհի Մխոյան