Ադրբեջանը երբևէ չի թաքցրել Սյունիքը Հայաստանից օտարելու նկրտումները. նրանք ուզում են ՀՀ-ն վերածել «Լեսոտոյի». սա ՀՀ տխրահռչակ ապագան է, որին տանում է Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմի հետ. ադրբեջանագետ. tert.am
Ադրբեջանը երբևիցե չի թաքցրել իր նկրտումները՝ Սյունիքն օտարել Հայաստանից, և ոչ միայն Սյունիքը, այլև Սևանա լճի ավազանը, Երևանը, Տավուշի այն հատվածը, որը կապում է Հայաստանը և Վրաստանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը:
Այսինքն՝ Ադիբեկյանի խոսքով՝ նրանք ուզում են Հայաստանը վերածել «Լեսոտոյի» (պետություն, որը 4 կողմից շրջապատված է Հարավաֆրիկյան Հանրապետությամբ):
«Սա ՀՀ տխրահռչակ ապագան է, որին տանում է Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմի հետ: Ադրբեջանը, Թուրքիան և Նախիջևանը կապող միջանցքի ստեղծմանը ՀՀ-ն, իրոք, հիմա ոչնչով չի կարող խոչընդոտել, որովհետև խոչընդոտողներ չկան: Հայաստանի տարածքով անցնում է ճանապարհ, որի ճակատագրի, ապագայի մեջ ՀՀ-ն չի խառնվում և չի խառնվում ոչ թե այն պատճառով, որ դրա իրավունքը չունի, այլ, որովհետև, իշխանությունները վախենում են ադրբեջանաթուրքական տանդեմից և չեն կարողանում ոչինչ անել, որ դրա դեմն առնեն, գոնե ներգրավված լինեն պրոցեսի մեջ: Նրանք, լինելով առարկա, այդպիսի առարկայի են վերածել ՀՀ-ն ու ՀՀ քաղաքացիներին: Այս իրավիճակում էլ Ադրբեջանը շատ հանգիստ և տեղին պնդում է, որ ՀՀ-ն չի կարող խոչընդոտել միջանցքի բացմանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, կատարվող սահմանազատման աշխատանքներին՝ Ադիբեկյանը նշեց. «ՀՀ իշխանությունները մասնակցում են մի գործընթացի, որը ՀՀ-ին բացի վնասից՝ ոչինչ չի բերում, Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, որովհետև Ադրբեջանը պատրաստված է, ներկայացուցիչները 30 տարվա փորձ ունեն, իսկ Հայաստանից ընդգրկված են 3 տարի աշխատած, ուղղակի փողոց փակող անձինք, որոնք պատկերացում չունեն ո՛չ պատմությունից, ո՛չ աշխարհագրությունից, ո՛չ սահմանից: Ադրբեջանն ասում է՝ սա իմն է, իրենք արձագանքում են՝ քոնն է, վերցրու: Չեն հասկանում հետևանքները»:
Ըստ ադրբեջանագետի՝ իրավիճակը շտկելու միայն մի ելք կա՝ գործող իշխանությունը պետք է հեռանա:
«Ցանկացած հարցում, որը վերաբերում է ՀՀ ներկային և ապագային, առաջին քայլը պետք է լինի իշխանափոխությունը: Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ քայլածները պետք է լքեն կառավարությունը: Հապաղելը նշանակում է, որ ՀՀ-ն կա՛մ կդառնա Ադրբեջանի շրջան, կա՛մ Թուրքիայի վիլայեթ, կա՛մ ՌԴ էքսկլավ: Երևի իշխանությանը հեռացնելու համար ռադիկալ քայլերի դիմելու ժամանակն է, սակայն պետք է հաշվի առնել՝ Փաշինյանին հեռացնելը քիչ է, լեգիտիմության խնդիր կա արտաքին աշխարհի առջև»,-ասաց նա: