Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու համար 145 դոլար գանձելու լուրերի մասին

Համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները դժգոհում են Ուկրաինայի տարածքի հյուպատոսություններից, որտեղ սովորական անձնագիր տրամադրում են 145 դոլարով, բիոմետրիկ անձնագիր՝ 495:

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հերքեցին այս տեղեկությունը՝ հայտնելով, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեխնիկական հնարավորություն չունեն կենսաչափական (բիոմետրիկ) անձնագիր տրամադրելու համար:

Նրանց փոխանցմամբ՝ ՀՀ պետական տուրքի մասին օրենքի համաձայն, ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման արժեքը 133 ԱՄՆ դոլար է: Հյուպատոսական հիմնարկներում կանխիկ գումար չի գանձվում: Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ բանկում վճարվում է գումարի համարժեքն ուկրաինական հրիվնայով, միջինացված փոխարժեքով, քանի որ ամսվա ընթացքում հրիվնա-դոլար փոխանակման արժեքը էականորեն տատանվում է: Բանկը գանձում է նաև իր միջնորդավճարը: Յուրաքանչյուր ամիս գումարն ամբողջությամբ փոխանցվում է ՀՀ պետական բյուջե (հյուպատոսական հիմնարկի հաշվեհամարին հավաքված հրիվնայով բորսայից նախապես ձեռք է բերվում ԱՄՆ դոլար):

Վճարման մեկ այլ տարբերակն է բանկային քարտով գումարն ուղղակի պետբյուջե փոխանցելը, որն իրականացվում է այդ հնարավորությունն ունեցող քաղաքացիների կողմից:

Ինչ վերաբերում է ծառայության կատարման ժամկետներին, ապա անձնագիրը տպագրվում է կենտրոնացված կերպով ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ում, երկու ուղղությամբ փաստաթղթերն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով՝ ամիսը 2 անգամ: Կորոնավիրուսի  համավարակի պայմաններում փոստային ծառայությունը սովորականից զգալիորեն ավելի դանդաղ է հասցնում դիվանագիտական փոստը: Ծառայության կատարման առավելագույն  ժամկետն է 3 ամիսը, սակայն անձնագրերն անվանատերերին են հանձնվում անմիջապես Երևանից ստանալուց հետո՝ հիմնականում ավելի վաղ ժամկետում:

Հյուպատոսական ծառայությունների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնացուցակը հետևյալն է՝ ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար սահմանված գումարը 133 դոլար է, 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար 61 դոլար է պահանջվում: ՀՀ վերադարձի վկայական տալու համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ, անհրաժեշտ է վճարման՝ 61 դոլար, ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի վկայական տալու համար՝ 20 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս