Բաժիններ՝

Երանոսում հողին են հանձնել Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողի աճյունը

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 2021 թվականի մարտի 11-ին հողին է հանձնվել Արցախյան վերջին պատերազմում նահատակված Արսեն Արտակի Սոլկարյանի աճյունը։

Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, Արսեն Սոլկարյանի աճյունը հայտնաբերվել է վերջերս, մարտական գործողությունների տարածքից, ճանաչվել նույնականացման միջոցով եւ տեղափոխվել Երանոս գյուղ ու ամփոփվել տեղի գերեզմանոցում։ Երանոսցիները ցավով ու հպարտությամբ վերջին հրաժեշտն են տվել հայրենիքի հեևոս պաշտպան զինվորին։

«Արսենը մերօրյա հերոսներից է, ով դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց Հայոց բանակ։ Պատերազմի առաջին օրվանից նա Ջրականում մասնակցել է առաջնագծի թեժ մարտերին եւ անհավասար մարտերից մեկում հերոսաբար զոհվել։ ՀՀ նախագահի հրամանագրով Արսեն Արտակի Սոլկարյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Պատմության դաժան քառուղիներով անցած հայ ժողովուրդը չի ունեցել հերոս հայորդիների պակաս, որոնց անմահ սխրանքները, անձնազոհությունը, հայրենիքն ամեն ինչից վեր դասելը օրինակ են ծառայում մեզ, ոգեկոչում եւ տալիս են ուժ՝ լինել մեր հերոս նախնիների արժանի հետնորդները։ Երանոսն այս դաժան պատերազմում տվել է երկու զոհ, մեկ անհետ կորած եւ երեք վիրավոր։ Առաջին զոհը Վահագ Մարտիկի Մխեյանն էր, ում աճյունը հողին ենք հանձնել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին։ Դեռեւս անհետ կորած է համարվում ժամկետային զինծառայող Գեղամ Սեդրակի Գեւորգյանը»,- նշեց Երանոս համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031