Ամփոփվել է օլիմպիադայի հանրապետական փուլը. հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
2021 թ. փետրվարի 19-ից մինչև մարտի 9-ը վեց առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Քիմիա», կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
Օլիմպիադային մասնակցել են 643 աշակերտներ, որոնցից 30-ն արժանացել է առաջին, 32-ը՝ երկրորդ, իսկ 74-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: 119 աշակերտ ստացել է գովասանագիր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:
Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:
Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.
Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
- եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ:
Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ:
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝
- առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
- երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
- երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ: