«Արմեն Սարգսյանը Արտակ Դավթյանին լռությամբ նշանակում է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում». Ռոբերտ Հայրապետյան
Հանրապետության նախագահը չի ստորագրելու Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագրի միջնորդությունը և չի դիմելու Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր հայտարարել է նախագահը:
«Հանրապետության նախագահը 2021թ. մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:
Հիշեցնում ենք, որ 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահն արդեն իսկ դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերելի դրույթների՝ Սահմանադրության որոշ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը և հնարավոր միջոցների ձեռնարկումը կարող են էական ազդեցություն ունենալ գլխավոր շտաբի պետին ազատելու և նշանակելու իրավական կարգավորումների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունը մեկնաբանելու համար դիմեցինք իրավաբան Ռոբերտ Հայրապետյանին.
«Հայտարարությունը Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունների կատարումից հերթական անգամ չարամտորեն խուսափելու առհավատչյան է:
Եթե Արմեն Սարգսյանը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ, սա նշանակում է, որ նա Արտակ Դավթյանին լռությամբ նշանակում է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում՝ քաջ գիտակցելով, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով այդ հրամանագիրը ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով:
Ի դեպ, Արմեն Սարգսյանը պարտավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատումը լուրջ սահմանադրականության խնդիր ունի Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների համատեքստում, իսկ ներկայումս ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը թափուր չէ:
Չեմ անդրադառնում Արտակ Դավթյանի նախորդիվ ազատման հիմքերին, բայց այդ հիմքով ազատված ԳՇ պետին վերստին նույն պաշտոնում նշանակումը կոպտորեն խախտում է իրավունքի մի շարք սկզբունքներ:
Չմոռանանք նաև Օ. Գասպարյանի կողմից վարչական դատարան դիմելու հանգամանքը և դրա արդյունքում վրա հասնելիք ենթադրյալ հետևանքները»,- ասաց իրավաբանը: