Քննչական կոմիտեն չի հերքում վարչապետի խորհրդականին առնչվող սկանդալային տեսանյութերի իսկությունը. News.am

ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել եւ ներբեռնել տեղեկություններ։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

««168.am» կայքում հրապարակված «Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրեն Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյաններին. սկանդալային տեսանյութ» վերնագրով հոդվածի եւ կից տեսագրության առնչությամբ տեղեկացնում ենք, որ քննիչի կողմից զեկուցագիր է ներկայացվել անձնական Էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն ստանալու եւ տեսանյութում հրապարակված տեղեկությունները ապօրինի ներբեռնելու կապակցությամբ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազի քննարկմանը»,- նշվում է հարցման պատասխանի մեջ։

Սրանով Քննչական կոմիտեն, ըստ էության, հաստատում է, որ հիշյալ էլեկտրոնային փոստը պատկանում է քննիչին, եւ, որ տարածված տեղեկությունը ներբեռնվել է քննիչի էլեկտրոնային փոստից։

Քիչ առաջ NEWS.am-ին Դատախազությունից էլ հայտնել են, որ կայքի հրապարակումն ու փաստաբանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։

Հիշեցնենք, որ երեկ 168.am-ը հրապարակել էր տեսանյութ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, եւ ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Փաստեր են հրապարակված մասնավորապես այն բանի վերաբերյալ, որ գործով քննիչ Արթուր Այվազյանը, քրեական ոստիկանության բաժնի պետ Ռուբեն Դավթյանը էլեկտրոնային նամակագրությամբ հանձնարարականներ են ստանում Աննա Վարդապետյանից կոնկրետ որոշումների, մասնավորապես՝ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն` Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով։

Նշենք, որ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի հաղորդում էր ներկայացրել Դատախազությունը։

Տեսանյութեր

Լրահոս