«Եթե իշխանությունը մեր նախապայմանը չի կատարել, մենք ինչո՞ւ պետք է առաջնորդվենք իրենց նախապայմաններով, կարո՞ղ է իրենց կամակատարն ենք». Անի Սամսոնյան
Մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին հրավիրեց հանդիպման մարտի 13-ին՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է այդ կոչին և նշել, որ պատրաստ է հանդիպելու նախագահի հետ։
Այսօր Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով այդ հանդիպմանը, նկատեց՝ այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են՝ երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի, պետք է պատրաստ լինեն ընդունելու ՀՀ նախագահի հրավերը։
«Նախագահի հրավերը նշանակում է մեկ բան՝ նստել սեղանի շուրջ և քննարկել իրավիճակը. սա շատ կառուցողական նախաձեռնություն է, մենք այդ հրավերն ընդունել ենք, և պարոն Մարուքյանը կմասնակցի հանդիպմանը։ Չեմ կարող ասել, թե իրատեսակա՞ն է բոլոր ուժերին մեկ տեղ հավաքելը, բայց նախագահն իր քայլն է արել, և գնդակը բոլոր քաղաքական ուժերի և փողոցում պայքարող ընդդիմադիր ուժերի ու վարչապետի դաշտում է»,- նշեց Ա. Սամսոնյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ԼՀԿ-ի օրակարգը չի փոխվել, այն է՝ արտահերթ ընտրությունները, որին գնալու համար իշխանությունը քաղաքական կամք չունի։
«Մենք արդեն հասկացանք, որ իշխանությունն իրականում զբաղեցնում է հրապարակներ՝ մարդկանց խաբելով, որ ինքը կարող է գնալ այդ քայլին՝ իրականացնել արտահերթ ընտրություններ, եթե խորհրդարանական ընդդիմությունն իրենց առաջարկին ընդառաջ գնա։ Մենք ընդառաջ եկանք, նաև ասացինք, թե որ դեպքում կարող ենք դա անել, եթե նրանք մեզ ընդառաջ գային, ապա այսօր կունենայինք մի իրավիճակ, երբ վարչապետն արդեն հրաժարական տված կլիներ»,- շեշտեց Անի Սամսոնյանը։
Նա նաև ընդգծեց, որ, եթե իշխանությունն իսկապես պատրաստ է արտահերթ ընտրությունների, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի առանց նախապայմանների, որովհետև ստացվում է, որ իշխանությունը խորհրդարանական ընդդիմության դեմ նախապայմաններ է դնում, վերջինս էլ իր նախապայմաններն է առաջ քաշում, որն իշխանությունը չիրականացրեց։
«Եթե իշխանությունը մեր նախապայմանը չի կատարել, մենք ինչո՞ւ պետք է առաջնորդվենք իրենց նախապայամաններով, կարո՞ղ է իրենց կամակատարն ենք։ Մեզ համար Գլխավոր շտաբի խնդիրը կլուծվեր այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հանգիստ թողներ Օնիկ Գասպարյանին, և պարոն Գասպարյանը շարունակեր պաշտոնավարել»,- հավելեց Անի Սամսոնյանը։