Մի շարք գիտական հետազոտություններ ապացուցել են՝ Covid-19-ի հակամարմինը կարող է պահպանվել մինչև 8 ամիս. մասնագետ

Կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդու օրգանիզմում ձևավորված հակամարմինները, ըստ մի շարք հետազոտությունների, կարող են պահպանվել մինչև 8 ամիս, սակայն չպետք է մոռանալ վիրուսի մուտացված շտամների, նաև յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկության մասին: Այս մասին ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նախ նշեց, որ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը բարդ է նրանով, որ Covid-19-ը նոր վիրուս է, և անընդհատ նոր դրսևորումներով է հանդես գալիս: Տարբեր երկրներում կան մուտացված շտամներ:

«Մի շարք գիտական հետազոտություններ ուղղակի ապացուցել են, որ հակամարմիները կարող են պահպանվել մինչև 8 ամիս: Սակայն այդ 8 ամիսը պայմանավորված է նաև յուրաքանչյուր անձի առանձնահատկություններով, այսինքն՝ մի անձի մոտ հակամարմինը կարող է պահպանվել մինչև 8 ամիս, մեկ այլ անձի մոտ հակամարմինների մակարդակը 1 ամիս հետո կարող է իջնել»,-ասաց Աբովյանը:

Ըստ նրա՝ ճիշտ չէ համարել, որ եթե մեկ անգամ մարդ հիվանդացել է, ուրեմն այլևս չի հիվանդանալու կամ որոշակի ժամանակահատված չի հիվանդանալու: Մասնագետը հիշեցրեց երկու ռիսկերի մասին: «Ռիսկ համար 1՝ անձը կարող է վարակվել այլ շտամով, ռիսկ համար 2՝ եթե պարբերաբար հետազոտություններ չանցնի, որևէ մեկը չի կարող հստակ նշել, թե իր օրգանիզմում հակամարմինների մակարդակն ինչքան կարող է պահպանվել»,-ասաց Աբովյանը:

Տեսանյութեր

Լրահոս