Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել են 2011 թվականի երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակը
Մարտի 11-ին Տոկիոյի Ազգային թատրոնում սկսվել է 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակի արարողություն ողբերգության օրվա տասնեորդ տարելիցի առթիվ: Հեռարձակումը վարում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Լռության րոպեն ըստ ավանդույթի հայտարարվել է տեղական ժամանակով14:46-ին (Երեւանի ժամանակով 09:46-ին), երբ 2011 թվականի մարտի 11-ին Մյագիի պրեֆեկտուրայի ափի մոտ գրանցվեց 9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը: Միջոցառումը տեղի է ունենում է կորոնավիրուսի պատճառով մի շարք սահմանափակումներով: Դրան մասնակցում է 220 մարդ, ինչը չորս անգամ պակաս է, քան սովորաբար:
Նաեւ դահլիճում ձեռնարկվել են զանազան միջոցներ վարակի տարածման դեմ: Անցյալ տարի արարողությունը չեղյալ էր հայտարարվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս տարի մասնակիցների թվում են վարչապետ Յոսիհիդե Սուգան, ինչպես նաեւ Նարուհիտո կայսրը եւ Մասակո կայսրուհին, որոնց համար դա առաջին համատեղ հայտնվելն է հանրությանը համավարակն սկսվելու պահից:
Լռության րոպեից հետո կառավարության ղեկավարը եւ կայսրը կընթերցեն իրենց ուղերձները եւ ցավակացություններ կհայտնեն զոհվածների հարազատներին: 2011 թվականին երկրաշարժը եւ ցունամին խլեցին առնվազն 18,4 հազար մարդու կյանք, եւս 3,7 հազարը մահացել է հետագա տարիների ընթացքում սրված հիվանդություններից եւ այլ պատճառներից՝ կապված այն բանի հետ, ինչ նրանք վերապրել են: Ամենամեծ վնասը հասցվել է Մյագիի, Իվատեի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներին: Վերջին պրեֆեկտուրան հայտնի դարձավ ամբողջ աշխարհում համանուն ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով, որի հետեւանքների հետ Ճապոնիան ստիպված է գործ ունենալ մինչ օրս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: