Բաժիններ՝

Բնակարանային գողություններ Մեծամորում. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Վերջին ամիսներին ոստիկանության Վաղարշապատի բաժնի սպասարկման տարածքում բնակարանային գողության դեպքեր էին արձանագրվել։ Անցած տարվա սեպտեմբերին մտել էին Մեծամոր գյուղի Չարենցի փողոցի առանձնատներից մեկն ու ննջարանի մահճակալի տակից գողացել 2 միլիոն դրամ ու 400 եվրո։ Այս տարվա հունվարի 29-ին փորձել էին Մեծամոր գյուղի մեկ այլ տնից գողություն անել։

Այս անգամ թիրախը Աբովյան փողոցի առանձնատներից մեկն էր։ Նախորդի պես տանտերերը տանը չէին եղել։ Նախ բակ էին մտել, ապա, տեխնիկական միջոց օգտագործելով, բացել էին խոհանոցի պատուհանը։ Փետրվարի 25-ին էլ, դարձյալ օգտվելով տանտերերի բացակայությունից և դարձյալ տեխնիկական միջոց օգտագործելով, բացել էին Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի ննջասենյակի պատուհանը, մտել ներս ու 150 հազար դրամ գողացել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի տարբեր ստորաբաժանումներ սկսեցին տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկել։

Անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներին հաջողվեց տեղեկություններ ձեռք բերել՝ հանցագործությունները կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Մինչ այդ էլ փաստական տվյալներ էին ստացվել, որ գողություններն ու փորձը կատարել է նույն անձը։ Ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձը, որը Մեծամոր գյուղի բնակիչ է, մարտի 4-ին կասկածանքով բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս