«Օրվա իշխանություններն ընդհանրապես թքած ունեն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում մեր երկրում այսօր». Դավիթ Խաչատրյան

Այսօր ընդդիմության հանրահավաքին ընդառաջ՝ մտավորականները ներկայացրին իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ: «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության նախագահ Դավիթ Խաչատրյանը 168.amի հետ զրույցում պատմեց, որ Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծել են «Միտք ազգային խորհուրդ» կազմակերպությունը, որը նպատակ ունի միավորել մշակույթի, իրավունքի, տեխնոլոգիաների, քաղաքականության ոլորտի ներկայացուցիչներին և նրանց միջոցով վերականգնել մեր ազգային արժեքները:

«Պատերազմի այս խայտառակ ավարտից արձանագրեցինք ազգային արժեքների բացարձակ անկում ու ոչնչացում, առավել ևս՝ հազարավոր հայորդիների կորուստը և մեր հայրենիքի տարածքների թշնամուն հանձնումը, այսինքն՝ այդ ամենը մենք որպես ազգային արժեք էինք դիտարկում, և երբ որ հաղթանակած Հայաստանից վերածվեցինք պարտված Հայաստանի, հասկացանք, որ մենք ուղղակի պարտավոր ենք ստեղծել մի կազմակերպություն, որը կզբաղվի ազգային արժեքների վերածնունդով և սփռմամբ հասարակության մեջ՝ օգտագործելով մեր ճանաչված մտավորականության ակտիվ գործունեությունը»,- ասաց Դավիթ Խաչատրյանը, որը նաև «Միտք ազգային խորհուրդ» կազմակերպության նախագահն ու  խորհրդի անդամն է:

Մեր հարցին, թե ո՞րն էր պատճառը մեր պարտության, Խաչատրյանը պատասխանեց՝ հասարակության խաբված լինելը:

«Հասարակությունը թույլ տվեց, որ իրեն խաբեն, այդ խաբվելու պատճառն էր նաև ինտելեկտուալ բազայի բացարձակ պակասը, մարդիկ չփորձեցին մտածել, գիտակցել և վերլուծել այն օրակարգը, որն օրվա իշխանությունների կողմից տրված էր, գծված էր իրենց մարսելու համար: Սա խոսում է այն մասին, որ մտավորականությունը շատ մեծ անելիք ունի այս բացը լրացնելու համար, որ սրանից հետո որևիցե բախտախնդիր քաղաքական, պսևդոքաղաքական գործիչ կամ քաղաքական միավոր չփորձի խաբել սեփական ժողովրդին»:

Իսկ արդյոք մտավորականության արձագանքն ուշացած չէ՞:

«Չեմ կարծում, թե մտավորականությունն ուշացել է, ուղղակի մտավորականությանը լսել էր պետք: Ժամանակին, երբ մտավորականությունը խոսում էր, լսողների քանակը, բանակը շատ քիչ էր: Ցավոք սրտի, շատ մեծ կորուստ ունեցանք, և այդ կորստի արդյունքում վերաիմաստավորվեց և վերագտնվեց մտավորականին լսելու ֆունկցիան հասարակության մեջ: Ես և  իմ գործընկերները խոսել ենք նաև վերջին 3 տարիների ընթացքում, առաջին իսկ օրվանից»:

Նիկոլ Փաշինյանի և գործող կառավարության հրաժարականը պահանջել են ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, գրեթե բոլոր կուսակցությունները, հասարակական-քաղաքական գործիչները, հոգևորականները, նախագահը, Զինված ուժերը: Մեր հարցին, թե այս դեպքում ինչո՞ւ չի հեռանում Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Խաչատրյանը պատասխանեց.

«Նույն իշխանությունները ժամանակին ասում էին՝ «երբ ժողովուրդը ցանկանա, որ մենք հրաժարվենք, կասեք՝ կհրաժարվենք»:

Ամիսներ շարունակ հայ ժողովուրդը ազգովի, նաև սփյուռքը պահանջում են, որ այս իշխանությունները հրաժարական տան, պետական բոլոր ոլորտները դրա վառ ապացույցն են: Նման ցինիկ վերաբերմունք սեփական ազգին, պետական համակարգերին որևիցե պետության իշխանություններ չեն ունեցել, առավել ևս՝ հայկական պատմությունը, երբ թերթում ենք, վերջին 30 տարիների ընթացքում նման ցինիկ ձևով որևիցե իշխանություններ չեն վերաբերվել իրենց պետությանը և հասարակությանը: Սա խոսում է նրա մասին նաև, որ օրվա իշխանություններն ընդհանրապես թքած ունեն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում մեր երկրում այսօր: Իրենց կտրված լինելը հասարակությունից և իրականությունից բերելու է նրան, որ իրենք որպես քաղաքական միավոր՝ օր առաջ ունենալու են իրենց վախճանը: Հիմա նրանք, ցավոք սրտի, կպած են իրենց աթոռներին, որովհետև շատ տաք է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս