![](/banners/BeFunky-design.jpg)
«Այսօրվա ապազգային իշխանությունը կատարում է Ադրբեջանի նախագահի հրահանգները՝ կազմալուծելով բանակը». Գևորգ Գևորգյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/Gevorg-Gevorgyan-2.jpg)
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, ավելին՝ ժամեր անց միջնորդություն է ներկայացրել այդ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար։
Օնիկ Գասպարյանն էլ այդ հայտարարությունից հետո ուղերձ տարածեց, որ դիմելու է դատարան՝ իր պաշտոնանկության հարցը վիճարկելու համար։
168.am-ի հետ զրույցում ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն անդրադառնալով Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը, նկատեց՝ այս ամբողջ գործընթացում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սպասարկում են միայն թուրք-ադրբեջանական շահերը։
«Սրանից բխում է այն, որ մենք շատ լավ հասկանում ենք, որ մենք երկիրը վերջնակապես կորցնելու և չկորցնելու խնդրի առջև ենք կանգնած։ Փաշինյան Նիկոլը ցանկանում է մեր անվտանգության վերջին պատվարը ջախջախել, իսկ բանակը ՀՀ պետականության հենասյունն է և անվտանգության երաշխավորը՝ և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի։ Նրա բոլոր քայլերը հետապնդում են մեկ նպատակ՝ ջախջախել անվտանգության վերջին պատվարը»,- նշեց Գևորգ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին ԳՇ նոր պետ նշանակելուն, Գևորգ Գևորգյանը նշեց, որ զինվորականն առաջին հերթին ունի «պատիվ ունեմ» գաղափարը, որ ուսադիրը կրում է իր երկրի անվտանգությունը պահելու համար, այլ ոչ թե քաղաքական ասեկոսներին ու գործընթացներին խառնվելու համար։
«Վերջին երեք տարվա գործընթացներում այս ապազգային իշխանությունը ինչ-որ քայլեր է արել և հայ ժողովրդին ու երկիրը հասցրել այս վիճակին, բոլոր այն բարձրաստիճան սպաները, որոնք մոռանում են, որ իրենք ծառայում են Հայաստանին և հայ ժողովրդին, սկսում են արջի ծառայություն մատուցել թուրք-ադրբեջանական շահերը սպասարկողներին։ Դրանով իսկ իրենք իրենց սպայական կոչումը գցում են գետնին, և իրենց ուսադիրներն իրենք իրենց ձեռքով պոկում են, որովհետև նման քայլեր միայն կարող են անել դավաճանները»,- հավելեց ռազմական գործիչը։
Նա ընդգծեց, որ իշխանությունն իր այս գործողություններով գլխատում է բանակը։
«Այսօրվա ապազգային իշխանությունը կատարում է Ադրբեջանի նախագահի հրահանգները, այսինքն՝ նման գործընթաց սկսելով, կազմալուծելով, ջախջախելով բանակը, նրանք ի կատար են ածում Ալիևի հրահանգը՝ դրանով իսկ հիմնավորելով, որ ծառայում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին։ Մեր ազգի գիտակից հատվածն այսօր պայքարում է Փաշինյան-Էրդողան-Ալիևի եռյակի դեմ»,- եզրափակեց Գևորգ Գևորգյանը։