«Սրանք Լիբանանի ու Կիպրոսի չափ տարածք են տվել թուրքերին»․ ՀՅԴ անդամ
Բաղրամյան պողոտայում՝ «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքին, ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը կարևոր համարեց խոսել մեր երկրում տիրող ծանր տնտեսական վիճակից, ընդգծելով, որ գուցե հիմա շատերն ասեն՝ երկիր ենք կորցրել, և տնտեսությունից խոսելու ժամանակը չէ, բայց վերջին 20 տարում Հայաստանում տնտեսությունը նման վատ վիճակում չի եղել։
«Այո՛, երկիր ենք կորցրել։ Այն տարածքը, որ սրանք զիջել են թուրքերին՝ Լիբանանի չափ է, Կիպրոսի չափ է։ Լիբանանի ու Կիպրոսի չափ տարածք են սրանք տվել թուրքերին։ Հիմա կհարցնեք՝ հիմա խոսենք ձեթի թանկացման մասի՞ն, այո՛, հիմա պետք է խոսենք, իսկ գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև սրանք շատ պրոֆեսիոնալ, հոգեբանորեն ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և հիշեցնում են 25 տարի առաջ ասած խոսքերը՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Հիմա իրենք լուծե՞լ են Ղարաբաղի հարցը, կսկսեն լա՞վ ապրել, ու սաղին կերակրում են այն ստերով, որ տնտեսությունը սկսել է շնչել, նոր հնարավորություններ են բացվել ազգիս առաջ, այսինքն՝ Արցա՞խն էր խանգարում, որ այդ հնարավորությունները բացվեին․․․»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։
Արթուր Խաչատրյանը հիշեց դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը և հարց ուղղեց նրան․
«Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթը, որ ասում էր՝ կարագը թանկացել է՝ սոխ կերեք, խառը կանաչի կերեք։ Հիմա ուզում եմ հարցնել, Նիկոլ Փաշինյան, դու սո՞խ ես ուտում, թե՞ խառը կանաչի, որ այս ժողովրդին դատապարտում ես սոխի և խառը կանաչու․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում