«Մի բանում ես համոզված եմ՝ բանակը չի նահանջելու». Վազգեն Մանուկյան

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Բաղրամյան պողոտայում բազմամարդ հանրահավաքի սկզբում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով իշխանական պատգամավորներից մեկի՝ գերիների վերադարձի առնչությամբ արված այն արտահայտությանը, թե ներքաղաքական զարգացումները խոչընդոտել են գերիների վերադարձին, Վազգեն Մանուկյանն արձագանքեց.  «Եթե մեկը դպրոցի գոնե մինչև 4-րդ դասարանը սովորել է, ինքը գիտի, որ դա հիմարություն է»:

Իր հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի առնչությամբ նա տեղեկացրեց, որ նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան. «Շուտով երևի դատը կլինի, կիմանանք,- ասաց Վազգեն Մանուկյանը, ապա անդրադառնալով հարցին, թե՝ Ձեր կոչի մեջ որևէ վտանգավոր բան տեսնո՞ւմ եք՝ պատասխանեց,- Ես երբեք իմ ասածներն ու իմ կոչերը չեմ մեկնաբանում:  Դա իրավաբանների գործն է»:

Մեղադրանքի համալրմանն անդրադառնալով՝ քաղաքական գործիչը մեկնաբանեց. «Ուղղակի երբ որ ասել եմ՝ բանակը պետք է ցասում ցուցաբերի և չենթարկվի անօրինական որոշումներին,  դրա մեջ մեղադրանք դուք տեսնո՞ւմ եք, բայց դա մտել է մեղադրանքի մեջ»:

Հարուցված քրեական գործի նպատակների մասին հակիրճ հավելեց. «Բնական է, որպեսզի քաղաքական դաշտից իր հակառակորդներին չեզոքացնի»:

«Ի՞նչ կանի «Հայրենիքի փրկության շարժումը», եթե ՀՀ նախագահը չվիճարկի ԳՇ  պետին ազատելու վարչապետի առաջարկը» հարցին ի պատասխան՝ շարժման վարչապետի թեկնածուն նկատեց, որ ենթադրություններով չի առաջնորդվում. «Այսօր կարևոր է, թե մինչև ժամը 18:00-ն  նախագահը կբողոքարկի՞, թե՞ ոչ, և դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ի՞նչ քայլեր կանի:  Մի բանում ես համոզված եմ՝ բանակը չի նահանջելու, որովհետև այստեղ մի մարդու հարց չէ, դա Օնիկ Գասպարյանի անձնական հարցը չէ.  ամբողջ բանակը դա ընդունում է՝ որպես միասնական կոլեկտիվ հարց»:

Թե ինչ ասել է՝ նահանջել՝ նա մանրամասնեց. «Այսինքն, եթե հրամանագիր լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ հանում է աշխատանքից, ես համոզված եմ, որ չի ենթարկվի բանակը: Մնալու են իրենց տեղերում»:

«Հետո»-ի մասին հարցն էլ խորհուրդ տվեց ուղղել ԳՇ ներկայացուցիչներին:

«Այսօր-վաղը հանգուցալուծումը կլինի, և կտեսնենք շարունակությունը մեր գործունեության,- հավելեց նա՝ վստահեցնելով, որ իրենց  վճռական գործողություններն առջևում են,- Դուք մի բան հաշվի առեք՝ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, որովհետև և՛ ժողովրդի օրեցօր ավելի լայն հատվածներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում.  մնում է մի ձև՝ անցնել բռնապետության: Բռնապետության անցնելու համար իրեն պետք է բանակը, դրա համար ինքն ուզում էր բանակը ջարդել, բայց բանակը ջարդել չհաջողվեց մինչև հիմա, և համոզված եմ՝ չի հաջողվի»:

Դիտարկմանը, թե շարժումը կմարի վճռական գործողությունների պակասից, Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Կմարի, նորից կբարձրանա:  Այնուամենայնիվ, հաշվի առեք՝ այդ շարժումը որ սկսվեց, ինչ վիճակ էր Հայաստանում:  Հիմա՝ իրար հետևից կարող եք նշել՝ բանակը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, ակադեմիան չի ընդունում, նախագահը չի ընդունում, համալսարանները չեն ընդունում, կաթողիկոսը չի ընդունում. այսինքն ՝անընդհատ էդ շարանը շարունակվելու է, այսինքն՝ այս հանրահավաքները, թվում է, որ վճռական չի, նստած խոսում ենք, բայց ամեն մի այդ գործողությունը ավելի ու ավելի մեծ ինստիտուտներ է պոկում Նիկոլ Փաշինյանի տակից»:

Արդյոք Օնիկ Գասպարյանի հետ շփում եղե՞լ է,  խոսեք-հասկանաք՝ գուցե վարչական դատարա՞ն է դիմում-վիճարկում. այս հարցին շարժման վարչապետի թեկնածուն պատասխանեց. «Կապ կա, իհարկե,  իսկ դատարան դիմելու է, թե ոչ՝ ես չեմ իմանում: Ես այդքան էլ խորհուրդ չէի տա, ճիշտն ասած, որովհետև այդ ճանապարհով…»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս