«Ապուշների այս իշխանությունը անգամ պատերազմը վերածեց շոուի». Արա Սաղաթելյան

Բաղրամյան պողոտայում ընթանում է «Հանուն հայրենիքի փրկության» շարժման հանրահավաքը։

ՀԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, որ նույնպես մասնակցում էր հանրահավաքին, բեմահարթակից դիմելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց այն պայքարի համար, որը տարել են բռնապետության դեմ և իր ազատության համար։

«Դուք հաղթեցիք, և ես հիմա այստեղ եմ, մենք հաղթեցին և հաղթելու ենք նաև առաջիկայում»,- նշեց Արա Սաղաթաելյանը և հավելեց, որ իշխանություններն արդեն անցել են բոլոր գրված և չգրված օրենքների սահմանները։ Հատել են բոլոր հնարավոր «կարմիր գծերը»։

Նրա խոսքով՝ 5 հազար զոհվածների, գերության մեջ գտնվողների, անհայտ կորածների վերաբերյալ հաշվետվություն տալու փոխարեն, իշխանությունը համարում է, որ ռեպրեսիաներով, մարդկանց բանտերում փակելով, վարկաբեկելով՝ կարող են պահել իշխանությունը՝ չի ստացվելու։

«Այստեղից հայտարարում եմ, որ ռեժիմի սպասարկողները պատասխան են տալու սերունդների և Աստծո առաջ։ Հազարներով մարդկանց տարան կոտորեցին մարտի դաշտում, հետո ոմն մեկն ասում է, թե Սյունիքի ու Արցախի դիրքերը հանձնելով՝ մարդկային կյանքեր է փրկել, որտե՞ղ ես փրկել կյանքեր, այ տղա։ Այնտեղ այդքան մարդ կա՞ր, այդքան մա՞րդ էր մնացել, կյանք փրկող էիր՝ ժամանակին կանգնեցնեիր պատերազմը, կյանք փրկող էիր՝ Արցախը 10 մատների նման իմացող գեներալներին չմեկուսացնեիր մարտական գործողություններից։ Կյանք փրկող էիր՝ տեղեկատվական անվտանգության մասնագետներին թույլ տայիր, որ աշխատեին, և այդ դեպքում մեր կորուստները հաստատ կլինեին ավելի նվազ։ Պատերազմի սկզբից շատ փոքր ընդհատումով ինքս եղել եմ առաջնագծում և տեսել եմ, թե այնտեղ ինչ է կատարվում։ Տեսել եմ այն ամբողջ խառնաշփոթն ու բարդակը։ Ապուշների այս իշխանությունը անգամ պատերազմը վերածեց շոուի։ Մեզ վրա թափվում էին «Բայրաքթարներ», «կասետային ռումբեր», իսկ իրենք այստեղ քարոզում էին, թե իբր հաղթում ենք»,- ասաց Արա Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս