«Պլան Ա-ն դեռևս նորմալ աշխատում է, հույս ունեմ պլան Բ-ի կարիքը չի լինի». Արթուր Վանեցյան
Իշխանական պատգամավորների պնդումները, թե ընդդիմության հավաքները խոչընդոտում են գերիների վերադարձին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կեղծ պնդում է համարում:
Հիշեցնենք, որ 1in.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասել է, որ նախորդ շաբաթ սպասում էին գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին, բայց «որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին»։
«Հերթական անգամ փորձում են իրենց ապաշնորհությունը և գործ չանելու անկարողությունը բարդել այս կամ այն մարդու վրա: Ընդդիմությունը բացառապես ունի իր օրակարգը, և գերիների վերադարձի հարցը, առհասարակ, մեր անվտանգային համակարգում առկա խնդիրները լուծելու հետ կապված, ընդդիմության հանրահավաքները որևէ կերպ չեն խանգարում»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Վանեցյանը:
Իսկ թե ինչ հանգուցալուծում է սպասվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հետ կապված, ինչ սպասելիքներ կան ՀՀ նախագահից, ԱԱԾ նախկին պետն ասաց, թե կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց հույս ունեն, որ ՀՀ նախագահը կիրականացնի իր խոստումը՝ կդիմի ՍԴ:
«Ուղղակի տրամաբանական չի լինի առաջին անգամ վերադարձնել Օնիկ Գասպարյանի ազատման վարչապետի առաջարկությունը՝ այն համարելով հակասահմանադրական, և որից հետո չդիմել ՍԴ: Դա ուղղակի տրամաբանությունից դուրս է, և հույս ունենք, որ այսօր մենք ՀՀ նախագահի աշխատակազմից կստանանք լուր, որ նախագահը, այնուամենայնիվ, դիմել է ՍԴ»,- շեշտեց Վանեցյանը՝ հավելելով, որ եթե չդիմի, տեղում կհասկանան՝ ինչ են անելու, և իրենց գործողությունները կիրականացնեն:
«Ես կարծում եմ՝ «Պլան Ա-ն դեռևս նորմալ աշխատում է, հույս ունեմ՝ պլան Բ-ի իրագործման կարիքը չի լինի»,- ընդգծեց նա:
Վանեցյանը պնդեց՝ քաղաքական օրակարգը թելադրվում է Բաղրամյան պողոտայից, և այդտեղից են որոշվելու ՀՀ ապագա զարգացումների հետ կապված բոլոր հարցերը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը նախապայման է դնում, որ թող ԱԺ խմբակցությունները թուղթ ստորագրեն, որով թեկնածու չեն առաջադրելու, ուրեմն մի մտավախություն ունի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ասվում է, որ «Հայրենիք» կուսակցությունը «Դաշնակցության հետ դաշինք կկազմի և վարչապետի թեկնածուն կլինի Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանն ասաց. «Եկեք ձուկը ջրում դեռևս այդ թեմաների շուրջ չխոսենք, մենք ունենք առաջնային խնդիր, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, որից հետո՝ ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ ընտրություններ։ Որևէ բան բացառել քաղաքականության մեջ չի կարելի, բայց որևէ բան այս պահին ևս պնդել հնարավոր չէ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում