«Հայաստան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում են Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրները:
Իր աջակցության ծրագրերի շրջանակում Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները։
«Արցախյան 44 -օրյա պատերազմի ընթացքում, Պաշտպանության բանակի հետ միասին, աշխարհազորը կամավորական սկզբունքով անձնվիրաբար լծվել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
Ծրագրով Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կհատկացնի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ գումար, որը կփոխանցվի «Արցախփոստ»–ի միջոցով:
Հիմնադրամը շարունակելու է աջակցել մեր նվիրյալներին՝ իրականացնելով տարատեսակ ծրագրեր, որոնք կօգնեն նրանց հնարավորինս շուտ վերադառնալ բնականոն կյանքի»,- ասված է հաղորդագրության մեջ:
***
1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության միջոցով: