ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ նա, ով պետք է շնորհակալ լինի Քոչարյանին՝ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է. Արա Վարդանյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 8-ին հայտարարություն էր տարածել ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ՝ նշելով, որ իր համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի է համարել որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնել:

«Ցավոք, իշխանությունը հանձնելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ քաղաքական դաշտում հայտնվել է ինչ-որ բարդ իրավիճակներում, և իր հայտնությունը բերել է մահեր, Հայաստանում ցնցումներ և այսօր կրկին նույնը՝ զգալով, որ իր քաղաքական երեխան հայտնվել է բավականին լուրջ իրավիճակում, փորձում է կրկին օգնության ձեռք մեկնել՝ նաև փորձելով ստվերել նախագահ Քոչարյանի հարցազրույցի այն մասը, որը վերաբերում էր Օնիկ Գասպարյանի հնարավոր ռազմական հեղաշրջման սցենարին: Մենք անպայման մեկ բան պետք է հիշատակենք. կարծում եմ, որ ՀՀ բոլոր քաղաքացիների մեջ նա, ով պետք է շնորհակալ լինի Քոչարյանին՝ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է:

Շնորհակալ լինի նրա համար, որ այսօր առոք-փառոք իր տանը նստած է, ոչ թե գտնվում է բերդում, որտեղ որ պետք է հայտնվեր այն ժամանակ, երբ նախագահ Քոչարյանը հետ նայեր»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կազմաքանդվեց Հայաստանի արդյունաբերությունը:

Արա Վարդանյանը հիշեցրեց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում կար ահռելի լուրջ կարողություններ ունեցող արդյունաբերական ոլորտ, որը մի քանի տարվա ընթացքում ուղղակի ջարդոնի տեղ վաճառվեց Իրանին:

«Բացի սա, հիշում ենք ատոմակայանի կասկածելի փակումը, որի հետևանքով ժողովուրդը 2-3 տարի մնաց առանց լույս: Կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն օր պետք է գնա եկեղեցի, մոմ վառի և խոնարհվի նախագահ Քոչարյանի առջև՝ հենց նրա համար, որ այսօր ազատության մեջ է»,- հավելեց նա:

Արա Վարդանյանն անդրադարձավ նաև ընդդիմության հանրահավաքներին:

«Կա մեկ գերնպատակ՝ Հայաստանն ազատագրել Նիկոլ Փաշինյանից և օտարերկրյա գործակալական ցանցից: Այդ պայքարում մենք պետք է կիրառենք բոլոր հնարավոր ձևերը: Եթե չեք կարող ավելին անել՝ գոնե մասնակցեք հանրահավաքներին, և հավատացեք, որ հաղթանակը հեռու չէ: Տարբեր կառույցներ համագործակցում են, և մենք տեսնում ենք, որ հարթակին կանգնած են ուժեր, որոնց առօրյա կյանքում անհնար կլիներ պատկերացնել իրար հետ կանգնած: Օրինակ՝ գիտենք, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն քաղաքական ֆորմատում լուրջ մրցակիցներ են եղել, բայց, քանի որ խոսքը վերաբերում է Հայաստանի փրկությանը, իրենք կանգնած են մեկ հարթակում»:

Ինչ վերաբերում է ԳՇ հայտարարությանը՝ նշեց, որ դա համարում է ընդդիմության հաջողություններից մեկը:

«Չեմ կարծում, որ, եթե ընդդիմությունը չանցկացներ այս երկարատև հանրահավաքները, ակտիվ չլիներ, միգուցե Օնիկ Գասպարյանը ձայն չհաներ կամ հրաժեշտ տար պաշտոնին՝ առանց որևէ կռվի»,- եզրափակեց Արա Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս