«Անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը». ակցիա՝ Բաղրամյան 26-ի դիմաց
Ռոման Գասպարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Զինավոր Մեղրյանը, Վահագն Չախալյանը և Արա Զոհրաբյանն առավոտյան Բաղրամյան 26-ի մոտ ակցիա էին իրականացնում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից պահանաջելով ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկության սահմանադրականության հարցով այսօր դիմել Սահմանադրական դատարան:
Մինչ պահանջը նախագահի աշխատակազմ մուտքագրելը՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց միացել են նաև այլ քաղաքացիներ: Ա. Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռ շաբաթ՝ մարտի 7-ին, նախագահ Արմեն Սարգսյանին կոչ էին արել կատարել իր սահմանադրական պատասխանատվությունը:
Նշենք, որ փետրվարի 25-ին, երբ ԶՈՒ ԳՇ-ն՝ բարձր հրամանատարական կազմով, պահանջեց Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը , դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը նախագահին ուղարկելու մասին: Արմեն Սարգսյանը մի քանի օր իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների, ԳՇ պետի, բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների, իրավաբանների ու փորձագետների հետ հանդիպումից հետո Փաշինյանի առաջարկությունը հետ ուղարկեց վարչապետի աշխատակազմ՝ նշելով, թե առաջարկությունն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Երկրորդ անգամ Փաշինյանի կողմից նույն առաջարկությունը նախագահական նստավայրում ստանալուց, ապա՝ որոշ հանդիպումներ ունենալուց հետո, որոնց թվում էր նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ չի ստորագրելու առաջարկությունը ու պատրաստվում է առանձին դիմումով դիմել ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
«Մեր Սահմանադրությունն ուղիղ նախատեսել է, որ հանրապետության նախագահը պետության գլուխն է, և ինքն է հետևում Սահմանադրության պահպանմանը: Սա նշանակում է, որ պետության գլուխը, տեսնելով Սահմանադրության հնարավոր խախտումներ, պետք է իր լիազորությունները գործադրի…
Նախագահի կեցվածքից կարծես թե պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ, որը մեր կարծիքով՝ այսօր վերջին օրն է, որ նա կարող է դիմել… Ստացվում է, որ հանրապետության նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում նա, փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների մեջ վեճը տեղափոխի դատական հարթակ, այսինքն՝ քաղաքակիրթ լուծման հարթակ, նա, փաստորեն, հրաժարվում է այդ գործիքից և բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ այստեղ միայն ԳՇ պետի հարցը չէ, այլև բարձրաստիճան մյուս սպաների, որոնք ևս կարծում են, որ վարչապետը ձախողել է ու պետք է հրաժարական տա: Փաստաբանի խոսքով՝ ընդունենք, եթե ազատում են ԳՇ պետին, իսկ բարձրաստիճան սպաները չենթարկվեն Փաշինյանին, անհասկանալի է, թե ինչ է տեղի ունենալու:
«Եթե հանրապետության նախագահն այսօր չդիմեց և մեզ թողեց բախտի քմահաճույքին, մենք կոնկրետ՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը, ինչի՞ց ելնելով է նա վախենում վարչապետից, ի՞նչն է խնդիրը, որ նախագահը փոխեց իր կեցվածքը, ի՞նչ կատարվեց, արդյո՞ք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին: Հիմա չենք անդրադառնում այդ հարցին, բայց վաղվանից անպայման այդ հարցը դառնալու է մեր քննարկման առարկան, եթե այդ հարցը չլուծվեց»,- նշեց Արա Զոհրաբյանը:
Ակցիայի մասնակիցները պահանջը ներկայացրեցին նախագահի աշխատակազմ ու հայտնեցին, որ կսպասեն զարգացումներին, ինչից հետո էլ կձեռնարկեն իրենց հետագա քայլերը: