Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները
Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել: