«Եթե նույնիսկ այդ կինը լրտեսություն է արել, դրա բացահայտումը մեր ԱԱԾ-ի շնորհքը չէ. գուցե այլ երկրների ԱԱԾ-ն է բացահայտել». Մեդիափորձագետ
Մարտի 8-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարին Քլարկ-Հաթթինգը հապճեպ լքել է Հայաստանը, քանի որ վերջինս իր գործունեության ընթացքում թույլ է տվել բազմաթիվ սխալներ։
Mediaport Տելեգրամ-ալիքի տեղեկություններով էլ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով՝ ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:
Այսօր առավոտյան ՀՀ արտգործնախարարության խոսնակը հաստատել է, որ Մարիան Քլարկ-Հաթթինգը Հայաստանում դադարեցրել է իր գործունեությունը։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,- նշել է Աննա Նաղդալյանը:
168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ դժվարանում է ասել, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի անվան հետ կապվող դավաճանությունները որքանով են իրական, սակայն փաստ է, որ կա խնդիր։
«Եթե այստեղ բռնել են թուրքական ու անգլիական լրտեսների, կարծում եմ՝ հետաքրքիր բաներ կարող ենք բացահայտել։ Այն, որ միջազգային կառույցների հովանու տակ գործում են լրտեսներ, դա բոլորի համար բացահայտ է, և այս պահին չեմ հասկանում, թե Մարին Քլարկ-Հաթթինգն ի՞նչ հանցանք է կատարել, որ պետք է հապճեպ հեռանար Հայաստանից։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց մենք ամբողջ մանրամասները կիմանանք»,- նշեց Տիգրան Քոչարյանը։
Ըստ նրա՝ այսօր մարդիկ նույնիսկ կատակով ասում են, որ գուցե այդ կինն օգտատեր Գագիկ Սողոմոնյանն է, որին վտարում են Հայաստանից, և որին բացահայտելու համար ամբողջ ԱԱԾ-ն էր աշխատում։
«Իսկապես ԱԱԾ աշխատանքը վերջին ամիսներին ուղղակի զավեշտալի է, և կոնկրետ հանցագործների դեմ պայքարելու համար ընկած է տարբեր ֆեյքեր բացահայտելով, սատանաներ ման գալով, և այլն։ Ըստ իս, եթե նույնիսկ այդ կինը լրտեսություն է արել, դրա բացահայտումը մեր ԱԱԾ-ի շնորհքը չէ, գուցե այլ երկրների ԱԱԾ-ն է բացահայտել ու տեղեկատվությունը տրամադրել Հայաստանին»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։