
Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ:
Երկուստեք ընդգծվել է հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Կարևորվել է համագործակցության սերտացումը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրական սահմանների ընդլայնումը։ Նախարարներ Արա Այվազյանը և Բռունո Ռոդրիգես Պարիլյան վստահություն են հայտնել, որ դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային առավել արդյունավետ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, մասնավորապես արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի: