Մի՛ ալարեք, համացանցում ժամանակ անցկացնելու փոխարեն՝ սովորեք, մեկ օր հաստատ պետք կգա. Հադրութցի 20-ամյա աղջնակը՝ իր դժվարության և սեփական քրտինքով օրվա հացը վաստակելու մասին
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի շատ բնակավայրեր օկուպացվեցին, որոնցից մեկը նաև Հադրութն էր, ու տեղացիները, այդ թվում՝ 20-ամյա Մարիամի ընտանիքը, որ կորցրեց ամեն ինչ, հայտնվեցին այս կամ այն շրջանում՝ առանց հագուստի, գումարի:
«Այժմ Կոտայքի մարզի Առինջ գյուղում վարձով ենք ապրում: Կյանքում չէի պատկերացնի, որ թուրքը կհասնի Հադրութ: Ես Հադրութում շատ երջանիկ օրեր եմ անցկացրել թե՛ ընտանիքիս, թե ընկերներիս հետ: Ամեն երեկո հարևանների հետ հավաքվում էինք շենքի բակում, զրուցում, ժամանակ անցկացնում: Հաճախ էինք նաև ճամփորդում»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Մարիամը, ով թողնելով մոդել դառնալու իր երազանքը, առողջական խնդիրը՝ այս պահին ընտանիքին օգնելու համար խոհանոցային սրբիչներ, անկողնային պարագաներ, շարֆեր, սփռոցներ է կարում:
«Ես սովորում եմ «Ատեքս» նորաձևության կենտրոնում, հայրս դերձակ է, Հադրութում կրպակ ուներ, հիմա տանը միասին աշխատում ենք, ինքը ձևում է, ես կարում եմ: Որոշել եմ իմ սովորածը կիրառել, օգնել ընտանիքիս: Վաճառել կարծես թե ստացվում է: Ես հիմա երազում եմ փոքրիկ արտադրամաս ունենալու մասին:
Ճիշտ է, երազանք է, բայց հույսս չեմ կորցնում: Գիտեք, այս դժվարին ժամանակահատվածում ինձ շատ է օգնում անցած ուղին: Հաճախել եմ Հադրութի մանկապատանեկան խմբակ, պարի, գոբելենի, նկարչության, ուլունքագործության դասընթացների, և այս ամենը նպաստել է, որ կարողանամ շփվել, մարդկանց ճանաչել, ինքնուրույն ստեղծել ու հարկ եղած դեպքում օրվա հացը վաստակել:
Ես խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին՝ գնացեք նման դասերի, մի՛ ալարեք՝ ասելով, որ ձեզ պետք չէ: Համացանցում ժամանակ անցկացնելու փոխարեն՝ հաճախեք տարբեր խմբակներ, սովորեք, մեկ օր հաստատ պետք կգա»,- նշեց Մարիամը:
Աղջնակն անկեղծացավ՝ Հադրութը մտքից չի կարողանում հանել, կարոտում է ամեն ինչ:
«Գիտեք, շատ եմ կարոտում իմ տունը: Հուսով եմ՝ մի օր հետ կբերենք Հադրութը, ու կգնամ այնտեղ ապրելու: Հիմա տեղ չունեմ գնալու: Պատերազմից հետո գնացի Ստեփանակերտ, մենակ վախ կար իմ մեջ: Թուրքի դրոշը տեսա, ու ասես սրով խոցեին սիրտս: Ժամանակ է պետք, որ անցնի այդ վախը: Երեք տուն ենք կորցրել. երկուսը մեր տներն էին՝ Հադրութում, երրորդը պապիկիս տունն էր՝ Տումիում: Չնայած հիմա կոտրված եմ, բայց հույսս չեմ կորցնում: Թող ուժեղ լինեն մեր մայրերը, աղջիկները, թող արարեն, ստեղծեն: Կյանք է, ինչ արած, դժվարությունները մարդու համար են, պայքարել է պետք ու նորից երազել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Մարիամի աշխատանքները գնելու և ընտանիքին օգնելու համար կարող եք այցելել այս հղումով: