«Այս պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու… Հաղթանակը մոտ է». Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժումը Բաղրամյան պողոտայից «Ցավի և պայքարի մարտի 8» խորագրով երթ է նախաձեռնել դեպի Եռաբլուր: Մինչ երթի մեկնարկը «Հայրենիքի փրկության շարժման»  համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ  Եռաբլուր են գնալու՝ հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելու համար:

Սաղաթելյանը նաև խոսեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու առաջարկության վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշման մասին, որի վերջնաժամկետը վաղն է, ասաց, թե չի բացառում, որ մինչև սահմանված վերջաժամկետը նախագահը կարող է որևէ գործողություն չիրականացնել, ինչը կնշանակի, որ ԶՈՒ ԳՇ պետի լիազորությունները կդադարեցվեն:

«Ուզում եմ շատ հստակ ասել, որ երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն: Եվ ստեղծված իրավիճակից հանգուցալուծման ելքերից մեկը նաև նա է, ու ճիշտ ելքերը, որպեսզի պահպանվի Սահմանադրությունը և դիմի Սահմանադրական դատարան: Մենք այդ ակնկալիքն ունենք նախագահից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք նաև, որ Հայրենիքի փրկության շարժումը վաղը 17:00-ին նախաձեռնել է  հանրահավաք, որի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտնել էին շարժման ներկայացուցիչները, քաղաքացիների հետ կորոշեն իրենց հետագա քայլերը՝ հաշվի առնելով նաև նախագահի դիրքորոշումը:

Հայրենիքի փրկության շարժման համակարգողը նաև նշեց, որ իրենց համար երկրի կայունությունն ու երկիրը ցնցումներից զերծ պահելը շատ կարևոր է, ու իրենք տրամաբանված, հետևողական քայլերով գնում են առաջ:

«Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու, մենք օրեցօր՝ մինչև այսօր մեր հասել ենք մի կետի, և հաղթանակը մոտ է»,- ասաց շարժման համակարգողը:

Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատեց «Հայրենիքի փրկության շարժման»  ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը, որի համաձայն՝ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկման ու նրա հետ հանդիպման առաջարկ չեն ընդունի, ու Փաշինյանի հետ խոսելու միակ օրակարգային հարցը կարող է լինել վերջինիս պաշտոնանկությունը:

«Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների իր կոչերին, եթե ինքն ուզում է  արտահերթ ընտրություն, նախ, իմ կարծիքով՝ չի ուզում, դա ընդամենը բլեֆ է՝ նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը»  գտնվում է իր վերելքի վրա, ինքը կրկին ուզում է փոխել օրակարգը, շեղել բուն օրակարգը և մեզ մտցնել մի անիմաստ  քննարկման մեջ: Եթե իրենք անկեղծ են, հենց հիմա թող գա Ազգային ժողով, հրաժարական տա, ու նշանակեն արտահերթ ընտրություններ: Ո՞ւմ է  սպասում»,- ասաց Սաղաթելյանը:

Տեսանյութեր

Լրահոս