Դե մի հատ էլ օգտակար բան արեք. Արմեն Գրիգորյանը՝ զինվորականներին

«Այն փաստը, որ մինչև հիմա զինվորականները ոչ մի ռեալ գործողություն չեն արել, ես մեկ բացատրություն ունեմ՝ դա Տավուշի մարզի իրավիճակն է: Երրորդ կորպուսի դիմաց ադրբեջանական զորքերի կուտակում կար»,- «Հայելի» ակումբում նման կարծիք հայտնեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ընթացքում հեղաշրջում աներ՝ մենք պատերազմ կստանայինք: Իսկ Տավուշը միակ տեղն էր, որ չկային ռուսական զորքեր:

«Զինվորականները ռուսների հետ այս քանի օրը ծախսեցին բանակցություւնների վրա, ոչ թե ձեռքերը ծալած, նստած են: Բոլորը բանակի կողքին են, բայց նրանք քայլ չեն անում, ես կարծում եմ, որ այնտեղ բանակցություններ են գնում: Օնիկ Գասպարյանը պետք է ունենա ինքնապաշտպանական բնազդ: Հիմա դա՞ էլ չունի այդ մարդը: Արմեն Սարգսյանը, Օնիկ Գասպարյանը և մնացած գեներալները հերոս չեն, պետք է անցնեն իրենց քավարանը: Իրենք նույնպես մեղավոր են այս պարտության համար»,- հավելեց պրոդյուսերը:

Արմեն Գրիգորյանը նշեց՝ բոլորը հիմա ապրում են Լուիս Քերոլի աշխարհում:

«Ալիևն ամեն կերպ ուզում է Փաշինյանին պահել իշխանության: Այսպես ասեմ՝ եթե ունենաք թանկարժեք գործակալ ինչ-որ մի տեղ, ում վրա ահագին փող եք ծախսել, ժամանակ, ջանքեր, նրան ուզում են հեռացնել, բռնել, ամեն ինչ չե՞ք անի, որ նա մնա: Նույն իրավիճակն է: Հայաստանի իշխանությանը պաշտպանում է թշնամին, սահմանները պաշտպանում են ռուսները: Նայեք՝ ինչ ենք դարձել, լրիվ Լուիս Քերոլի՝ «Ալիսը հայելու աշխարհում» ենք ապրում: Մեզ մոտ մտավորականությունն ու չինովնիկները դարձել են ընդդիմադիր, սորոսականները՝ իշխանավոր:

Մեր երկրում ոչ մի բան տեղում չէ: Օնիկ Գասպարյանը, զինվորականները պետք է ունենան ինքնապաշտպանական բնազդ. Կա՛մ իրենք են ձերբակալում, կա՛մ իրենց են ձերբակալում: Մեր երկրի ճակատագիրն իրենց ձեռքում է: Պարոնայք զինվորականներ, կարո՞ղ եք դուք էլ մի բան անել՝ բացի դավաճանելուց. ձե՞ռք եք առնում: Մի բան արեք, այ մարդ, հայրենիքի համար: Գնացիք՝ ձեզ ծախեցիք, դավաճանվեցիք, հետ եկաք, դե մի հատ էլ օգտակար բան արեք: Մեր բանակը պարտված չէ, մենք դավաճանված ենք»,- եզրափակեց պրոդյուսերը:

Տեսանյութեր

Լրահոս