Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում, որ մեր նյարդերը տեղի տան, բայց մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ. Գեղամ Նազարյան. Tert.am

Պետության ղեկավարը մարտի 1-ին սադրանքներ հրահրեց, փոխանակ նա ամեն ինչ աներ, որ այդ օրը բախումներ չլինեին, դիտմամբ սկսեց երթ անել՝ փորձելով բախումներ հրահրել Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիների և «իր թիմակիցների» միջև: Բարեբախտաբար, դա չեղավ, քանի որ Բաղրամյան պողոտայում հավաքվածները զուսպ էին ու այնպիսի մարդիկ էին, որոնց պարզապես հետաքրքիր է երկրի ապագան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը՝ ամփոփելով շաբաթվա իրադարձությունները՝ իշխանության և «Հայրենիքի փրկության շարժման» քայլերի հետ կապված:

Նազարյանի գնահատմամբ՝ երբ Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք իրականացրեց, նա փորձեց հոգեբանական ճնշում գործել հանրության առողջ հատվածի վրա, բայց այդ հատվածը մարդիկ են, որոնք հույզեր ունեն, որոնք դեռ չեն սթափվել պատերազմի հետևանքներից:

«Փաշինյանը պարզապես ամբողջ ռեսուրսն օգտագործեց ու հավաքեց ընդամենը մի քանի հազար մարդ, բայց ես վստահեցնում եմ, որ նա շատ ծանր է տարել այն պատկերը, որը եղել է Հանրապետության հրապարակում, որովհետև անգամ իր համար էլ է ամոթալի, երբ երկրի ղեկավարը հավաք է կազմակերպում և բացի իր թիմակիցներից ոչ ոք իր կամքով, իր ոտքով չի գնում, այլ գնում են վարչական ռեսուրսներով հավաքված մարդիկ: Սա նշանակում է, որ նա շատ լուրջ խնդրի առաջ է և այդ հավաքն իր կրկնակի պարտությունն էր: Այս մարդը միայն բախումների, արյունահեղությունների արդյունքում է կայանում»,-ասել է նա:

Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե վերջ է դնում թավիշին, սակայն դեռ կոնկրետ գործողություններ տեղի չեն ունեցել, Նազարյանը նշել է՝ այդ հայտարարություններն առաջին հերթին իրեն հանգստացնելու համար են: «Երբ նա գոռում է, պարզապես ուզում է ասել, որ դեռ վարչապետ է ու դեռ նրան չեն ձերբակալել: Կամ առհասարակ ինչ է թավիշը, որն էր նրա թավիշը, առանց ցնցումների իշխանության գալն իր շնորհիվ չէր և իր «թավիշով» գործելը մենք տեսանք, երբ նա ասֆալտին փռելու կոչեր էր անում»:

Նազարյանը շեշտել է, որ այսօր երկրի քաղաքական իրավիճակը Փաշինյանն այն կետին է հասցրել, որ ընդդիմությունը դարձել է հենց նա, ու քանի որ նրա հրաժարականն են պահանջում գրեթե բոլորը՝ նախագահ, կաթողիկոսներ, ԳՇ-ի հայտարարությունից հետո, երկրի իրավիճակն արմատապես փոխվել է:

«Արդյո՞ք իշխանություն են համարվում նրանք, ովքեր երկիրը հասցրել են կործանման եզրին, տարածքներ են կորցրել, զոհեր են տվել, այդ վարչախմբիկը շարունակում է կառչած մնալ իր աթոռին: Այսօր երկրի միակ ընդդիմությունը Նիկոլն ու իր ուսապարկերի հավաքածուն, մնացած բոլորը պայքարում են նրանց ձեռքով կործանած երկիրը փրկելու համար, իսկ այդ խմբին միայն աջակցում են թշնամական երկրները»,-նշել էՆազարյանը:

Անդրադառնալով «Հարենիքի փրկության շարժման» գործելաոճի և կոնկրետ քայլերին՝ Նազարյանն ընդգծել է, որ այս պայքարն արդեն նյարդերի պայքար է: «Բոլորը շտապում են, որովհետև գիտակցում են, որ ամեն օրը, երբ Նիկոլն է երկրի ղեկավարի պաշտոնին, նոր աղետ, նոր փորձություն է բերելու, բայց եթե ինչ-որ մեկն առաջարկ ունի ու տարբերակներ ունեն պայքարի, թող առաջարկեն, թող մոտենան ու ասեն այդ մասին:

Շախմատային տերմինով՝ իրավիճակը պատային է, բայց սպասվող հաղթանակը կասկած չի հարուցում, հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, քայլի փոխարենը ծամածռություններ է անում, որպեսզի մեր նյարդերը տեղի տան, անթույլատրելի բաներ անենք, բայց մենք դա չենք անի, մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ, մենք մեղավոր չենք, որ նա նոյեմբերի 10-ին հրաժարական չտվեց»,- մեկնաբանել է նա և հավելեց, որ իշխանության երկարաձգումն արվում է երկու պատճառով, մեկը, որ դեռ հանձնարարություններ ունի կատարելու, մյուսը՝ վախենում է դատավարությունից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս