
Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե Փաշինյանը համաձայնի մեր առաջարկին, այն է զերծ մնա Գլխավոր շտաբում փոփոխություններ իրականացնելու իր նախաձեռնությունից և արտահերթ ընտրությունների օրակարգից չշեղվի, ապա խորհրդարանում վարչապետի պաշտոնին որևէ թեկնածու չառաջադրելու հանաձայնությամբ իր հրաժարականը կարող է ներկայացնել մարտի 8-ին։ Այդ պահից հաշված 14 օրերի ընթացքում նոր վարչապետ չի ընտրվի և խորհրդարանը իրավունքի ուժով կհամարվի արձակված։
Ըստ Սահմանադրության 92-րդ հոդվածի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան խորհրդարանի արձակումից 30-45 օրվա ընթացքում։ Դա նշանակում է, որ ապրիլի 25-ը այն օրն է, երբ ամենասեղմ ժամկետում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մեզ օր առաջ ընտրություններ են պետք՝ երկրում խաղաղություն, անդորր, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորելու համար:
Այս պայմաններում առաջարկին չհամաձայնելը և տարբեր պատրվակներով արտահերթ ընտրությունների անցկացումը ձգձգելը անընդունելի է մեզ համար»: