«Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրել է.

«Իրավիճակը համառոտ․

Նիկոլ Փաշինյանը կորցրել է իշխանությունը։

Նրա ղեկավարած կառավարությունը չի տիրապետում իրավիճակին եւ մատնված է անգործության։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը ջարդեց բոլոր ինստիտուտները եւ կառավարական հիմնարկներին զրկեց ավտոնոմ աշխատելու հնարավորությունից: Այժմ նրա անգործությունը ինքնաբերաբար փոխանցվել է կառավարությանը։ Տնտեսությունը փլուզվում է, գները թռնում են։

Զինված ուժերը դուրս են Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից։ Ըստ ամենայնի, ամբողջապես չի վերահսկվում նաեւ ոստիկանությունը, իսկ ԱԱԾ-ն այս ընթացքում այնպես է ջարդվել, որ չի կարող լուրջ ուժային կառույց համարվել։ Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության եւ ձերբակալության վրա, նա չի կարողանա դա իրականացնել։

Նիկոլ Փաշինյանը կորցրել է իմ ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը։ Սոցիալական ցանցերում նրա ֆեյքերն ու զոմբիները այլեւս չունեն ազդեցություն։ Մամուլը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի կարեւոր դաշնակիցն էր, այժմ նրան է դարձրել հիմնական թիրախ։

Նիկոլ Փաշինյանը ուժերի գերագույն լարման շնորհիվ անգամ չկարողացավ հուժկու հանրահավաք կազմակերպել։ Նա կորցրել է նաեւ փողոցը։

Նրա իշխանական ատրիբուտներից մնացել է միայն իր ստորագրությունը, որով սովորության համաձայն շարունակում է բյուջեն տաշել, իր աթոռը, ինչի շնորհիվ շարունակում է երկիրը կործանել, եւ իր պատգամավորները, ովքեր իրեն օգնում են պահպանել ստորագրությունն ու աթոռը։

Այս հանգամանքներում նա չի կարող մտածել իր իշխանությունը պահպանելու կամ վերականգնելու մասին, քանի որ արդեն դրա գործիքներից էլ է զրկվել։

Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են։ Այստեղ գեներալները եւ քաղաքական ընդդիմությունը պետք է օգնեն իրեն, որովհետեւ հիմնական խնդիրն այժմ փլուզումը կանգնեցնելն է։

Պատասխանատվության եւ մեղքի հարցերը կարելի է մի քիչ ուշ էլ քննարկել, մանավանդ որ ճիշտը վրեժը սառը եւ մանրամասն մատուցելն է»:

Տեսանյութեր

Լրահոս