Որտե՞ղ էր ճիշտ Նիկոլը. Նաիրա Զոհրաբյան
Ասածս շատ պարզ է՝ մինչեւ ամեն մեկս չհասկանա, որ Նիկոլից ու Հայաստանում երբեւէ բուսնած հակահիգիենիկ աղանդից՝ նիկոլականությունից մաքրելու փրկիչը հենց մեզանից յուրաքանչյուրն է ու չսպասի այլ փրկիչների, Նիկոլն ու նիկոլականությունը դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը: Այս մասին իր ֆռեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Որտե՞ղ էր ճիշտ Նիկոլը
Ես ավելի քան վստահ եմ, որ Արցախի հանձնումը եղել է նախապես պայմանավորված պարտություն։
Ես ավելի քան վստահ եմ, որ ինձ պես մտածող տասնյակ հազարավոր հայ կա։
Եւ ուրեմն, ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին զոդվել են ու կանգնեցնել դատարանի առաջ։
Շատ պարզ։ Որովհետեւ մեզանից ամեն մեկը սպասում է, որ դա պիտի անի Նիկոլից մեզ փրկողը, որը մեզանից դուրս ինչ-որ մեկն է։
Մենք սպասում էինք, որ դա պիտի անի փափլիկ Շվեյցարիայի նման միշտ չեզոք ու միշտ երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհով գնացող Արմեն Սարգսյանը, ով ինձ մշտապես հիշեցրել է Գոնչարովի հայտնի հերոսին՝ սեբորիտ Օբլոմովին։
Արմեն Սարգսյանը ոչինչ չի անելու։ Որովհետեւ Արմեն Սարգսյանը հարմար նյութ է իր հետ Լոնդոնի ամենասիրուն բարում նստելու եւ Էլիոթից, Փաունդից ու Քոհենից զրուցելու համար, ինչից ինքը, ի տարբերություն այս իշխանության ինտելեկտազերծ զանգվածի, հաստատապես հասկանում է։
Արմեն Սարգսյանը Հայաստանն ու Արցախից մնացած կտորները չի փրկելու։
Երբեք։
Նա միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ։
Հետո մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։ Այն Օնիկ Գասպարյանի, ով պատերազմի չորրորդ օրը Նիկոլին ասել էր, որ մենք պարտվում ենք, բայց դրանից հետո մնացած 40 օրերին լռել ու կատարել էր Շուշին թուրքին հանձնածի հրահանգները։
Ու այսպես՝ մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից։
Իսկ Նիկոլը փրկիչների չսպասեց։
Նա որոշեց, նա հավատաց, որ փրկիչը հենց ինքն է, գնաց ու վերցրեց իշխանությունն ու հանձնեց Արցախը ու հիմա էլ ջարդում է Հայաստանի պետականությունը։
Ասածս շատ պարզ է՝ մինչեւ ամեն մեկս չհասկանա, որ Նիկոլից ու Հայաստանում երբեւէ բուսնած հակահիգիենիկ աղանդից՝ նիկոլականությունից մաքրելու փրկիչը հենց մեզանից յուրաքանչյուրն է ու չսպասի այլ փրկիչների, Նիկոլն ու նիկոլականությունը դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը»։